Նիսի ահաբեկչությունը հարված է ֆրանսիական ինքնագիտակցության «սրտին». The Guardian
Ֆրանսիան ցնցված է հերթական ահաբեկչությունից, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, գրում է The Guardian-ը:
Ինչպես նշվում է՝ այդ հարձակումը կարելի է դասել արյունալի գործողությունների շարքին, որոնց սկիզբը դրվեց 2015 թվականի հունվարին, երբ սպանվեցին Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրության աշխատակիցները:
Նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, հիշեցնում է թերթը, ֆրանսիական իշխանություններն արտակարգ դրություն են սահմանել, որը թույլ է տալիս ոստիկանությանն առանց օրդերի խուզարկումներ անցկացնել և առանց դատական գործընթացի տնային կալանք սահմանել:
Փարիզի ահաբեկչական հարձակումների խորհրդարանական հետաքննությունը բացահայտել է հատուկ ծառայությունների բազմաթիվ թերացումները:
Երկիրը, սակայն, այդպես էլ չի պատրաստվել հնարավոր նոր հարձակումներին, ինչի մասին վկայում է Նիսում տեղի ունեցած հարձակումը: Այժմ հարձակման համար ընտրվել է Բաստիլի գրավման օրը, որը ֆրանսիացիների համար օրացույցում ամենակարևոր օրերից մեկն է: Այն խորհրդանշում է Ֆրանսիական Հանրապետության ոգին և ֆրանսիացիների հարվածը բռնապետական ռեժիմին:
Սովորաբար այդ օրն ընկերներն ու մտերիմները հավաքվում են միասին և դուրս գալիս փողոցներ՝ տոնը նշելու և հրավառությունը դիտելու: Դժվար չէ կռահել, գրում է թերթը, որ հարվածն ուղղված է եղել ֆրանսիական ինքնագիտակցության հենց «սրտին»:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ։
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրել է բրիտանական The Daily Mail-ը:










