Իտալիայում գնացքների բախման գործի շրջանակում աշխատանքից հեռացվել է գնացքի կայարանի պետը

10:05 • 15.07.16

Իտալիայի հարավում գտնվող երկաթուղային կայարանի պետը, որտեղ օրերս երկու գնացք էին բախվել միմյանց, խոստովանել է, որ գնացքը բախումից րոպեներ առաջ ուղղել է սխալ ուղղությամբ, գրում է korrespondent.net-ը:

 

Երեքշաբթի օրն Անդրիա և Կորատո քաղաքների միջև տեղի ունեցած երկու գնացքի ճակատային բախման հետևանքով զոհվել է 23 մարդ, 52-ը վնասվածքներ են ստացել:

 

«Ես թույլ տվեցի գնացքին ընթանալ, ես տվեցի այդ ազդանշանը»,- լրագրողներին հայտնել է Անդրիա քաղաքի կայարանի պետ Վիտո Պիկարետան:

 

Պիկարետան, ով կայարանում է աշխատում 24 տարի, պնդում է, որ միայն ինքը մեղավոր չէ:

 

«Ես միակը չեմ, ով մեղավոր է տեղի ունեցածի համար: Բոլորը մեղադրում են ինձ: Բայց ես նաև զոհ եմ»,- ասել է նա:

 

Պիկարետան հեռացվել է աշխատանքից հետաքննության ժամանակահատվածում: Հարուցվել է քրեական գործ՝ ոչ կանխամտածված սպանության մասին հոդվածով:

 

«Հետաքննվում է ոչ միայն մարդկային սխալի վարկածը, մենք պետք է դիտարկենք բոլոր հնարավոր պատճառները»,- հայտարարել է դատախազ Ֆրանչեսկո Ջանելան: