Ահաբեկչությունը հանցագործություն է մարդկության դեմ. Թուրքիայի վարչապետը դատապարտել է Նիսում արյունալի հարձակումը

13:17 • 15.07.16

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դատապարտել է ֆրանսիական Նիս քաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունը` իր համերաշխությունը հայտնելով ֆրանսիացի ժողովրդին:

 

«Դատապարտում եմ Նիսում տեղի ունեցած արյունալի և ստոր ահաբեկչությունը, որն իրականացվել է այն օրը, երբ Ֆրանսիան նշում է ազգային տոնը: Ահաբեկչությունը հանցագործություն է մարդկության դեմ: Ոչ ոք չգիտի, թե երբ ու որտեղ են իրականացվելու ահաբեկիչների մյուս հարձակումները: Թուրքիան կիսում է ֆրանսիացի ժողովրդի վիշտն ու իր համերաշխությունը հայտնում բոլոր այն երկրներին, որոնք միջազգային մակարդակով պայքարում են ահաբեկչության դեմ: Սգում եմ բոլոր զոհերի ընտանիքների հետ ու շուտափույթ առողջացում եմ մաղթում բոլոր վիրավորներին»,- ria.ru-ն մեջբերում է թուրք պաշտոնյայի թվիթերյան ֆրանսերեն գրառումը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

 

Ահաբեկչություն կատարած անձի ինքնությունը հաստատվել է: Նա ծագմամբ Թունիսից 31-ամյա ֆրանսիացի է:

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու:

 

Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:

 

 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: