ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը

09:11 • 15.07.16

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի զոհն է դարձել 80 մարդ, ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Նյու Յորքում:

 

«ՄԱԿ-ի ԱԽ-ն լրջորեն դատապարտում է հուլիսի 14-ի երեկոյան Նիսում տեղի ունեցած բարբարոսական և ստոր հարձակումը, որը կատարվել է Բաստիլի գրավման օրը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Խորհրդի անդամները խոր ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և Ֆրանսիայի կառավարությանը:

 

ԱԽ-ում կրկին ընդգծել են, որ ահաբեկչության բոլոր գործողությունները հանցագործություններ են, որոնք արդարացում չունեն՝ անկախ իրենց դրդապատճառներից, որտեղ էլ որ լինեն և ում կողմից էլ իրականացվեն, և հայտարարել են ահաբեկչական այդ գործողությունների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` տոնակատարության հրավառությունը դիտելու:

 

Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից: