Էրդողանը հեղաշրջման այս փորձն օգտագործելու է բանակում հետագա դաժանություններն արդարացնելու համար. Անուշ Հովհաննիսյան
Թուրքիայում եթե ոչ ռազմական հեղաշրջումը, սակայն էրդողանի ու զինվորականների միջև հարաբերությունների սրումը թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի համար սպասելի էր:
Tert.am-ի հետ զրույցում Անուշ Հովհաննիսյանը նկատեց, որ պատճառն այն է, որ 2007-ից Էրդողանը մաքրում-լյուստրացիա է իրականացնում թուրքական բանակում` զինվորականությանն աստիճանաբար հեռացնելով բոլոր քաղաքական լծակներից: Ւսկ ուժայիններից Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդակցում էր միայն թուրքական գաղտնի ծառայությունների ղեկավարի հետ:
«Այս հարաբերությունները կոֆլիկտային վիճակում էին սկսած 2007 թվականից, երբ Էրդողանն սկսեց զինվորականներին հեռացնել իշխանությունից` դեմ գնալով թուրքական այն ավանդույթին, երբ զինվորականությունը շատ մեծ ազդեցություն է ունենում քաղաքականության և քաղաքական որոշումների կայացման մեջ»,- ասաց նա:
Սրան գումարվում է այն, որ Թուրքիայում զինվորականությունն ավանդաբար պաշտպանում է երկրի աշխարհիկությունը, քաղաքականության` քեմալականության սկզբունքների վրա հիմնվածությունը, մինչդեռ Ռեջեփ Էրդողանը տևական ժամանակ ընթանում է իսլամիզացիայի կուրսով:
«Իսկ վերջին շրանում, այս մեկ տարին, երբ Էրդողանը ձախողեց ամեն ինչը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ, նկատի ունեմ` կոռուպցիոն սկանդալներ, հենց Էրդողանի ընտանիքի ներգրավվածությունը… այս ամենը դժգոհություն էր առաջացնում զինվորականության շրջանում, սակայն Էրդողանը վերջին շրջանում ստիպված էր սիտուատիվ, տակտիկական դաշինքի գնալ զինվորականության հետ, որովհետև քրդական հարցը սրվեց, սիրիական ճգնաժամ և առանց զինվորականների հետ համաձայնության այդ օպերացիաները հնարավոր չէին»,- ասաց նա։
Թուրքագետը ունի տպավորություն, որ այս հեղաշրջմանը, գոնե նախնական տեղեկություններից դատելով, մասնակցում է բանակի առավել ցածր հրամանատարակազմը:
«Անուններ, թե որ կորպուսի գեներալն է, հայտնի չէ, ինչ-որ տեղեկություններ կային, որ նախկին գլխավոր շտաբի պետի խորհրդականի նրա անունն է շրջանառվել, բայց թե որքանով է ստույգ… շատ հակասական է այս պահին»,-ասաց նա:
Այսինքն` թուրքագետը սա ասելով` կասկածի տակ է առնում, որ սա թուրքական ռազմական դասական հեղաշրջումներից է, որոնցում ներգրավվում են երկրի ամենագլխավոր զինվորականներն ու ռազմաքաղական ղեկավարության էլիտան:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին՝ ժամը 12-ի դրությամբ, հաղորդվում էր այն մասին, որ Թուրքիայում 5 գեներալ և 29 գնդապետ է պաշտոնից ազատվել և ենթադրվում է, որ ձերբակալված ավելի քան 1500 անձանց թվում կարող են լինել գնդապետներ, գեներալներ:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիան հայտնի է 4 ռազմական կայացած հեղաշրջումներով. 1960, 1971, 1980 (սա ամենարյունոտն է, որից թուրքական հասարակության կոլեկտիվ հիշողության մեջ առ այսօր վախ կա) և 1997–ի թավշյա հեղափոխությունը:
Նկատի ունենալով թուրքական նախորդ ռազմական հեղաշրջումների ավանդույթները, Անուշ Հովհաննիսյանը որոշակի, իր համար կասկածահարույց, անգամ` բեմականացված կադրեր է տեսնում Թուրքիայում կատարվող իրադարձությունները փաստագրող լրահոսում: «Բայց գալ մեկ-երկու տանկով գալ, իբր, շրջապատել օդանավակայանը, հետո թողնել, գնալ, Էրդողանի ինքնաթիռը գա, նստի… մի քիչ լուրջ չի, էլի»,- ասաց թուրքագետը և հավելեց, որ սա առայժմ վարկած է, բայց գոյության իրավունք ունի:
Անուշ Հովհաննիսյանը, ի դեպ, չի համարում, որ թուրքական այս ռազմական հեղաշրջումն ամբողջովին բեմականացված էր, նաև հնարավոր է համարում, որ Էրդողանը, իմանալով, որ ինչ-որ բան է նախապատրաստվում, թույլ տար, որ հեղաշրջումը մի քիչ զարգանա (վերահսկելիության սահմաններում) և դա օգտագործեր որպես առիթ թուրքական զինվորականության շրջանակներում վերջնական մաքրում- զտումներ անելու համար: Նաև այն պատճառով, որ սա իրականացվելու է մեծ դաժանությամբ:
Այս համատեքստում Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ կիսանախագական կառավարման համակարգ ունեցող Թուրքիայի նախագահը ձգտում է անցնել մաքուր նախագահական համակարգի, ուստիև Էրդողանը փորձելու է իր դեմքը ոչ միայն պարզերես անել, այլև իր անձն օժտել լեգիտիմության շատ բարձր աստիճանով:
«Որ նորից զինվորականությունը հեղաշրջում էր փորձում անել, բայց ժողովուրդը եկավ ու պաշտպանեց… և այլն: Այնպես որ, չեմ բացառում, որ այս հեղաշրջումն օգտագործվի, որպեսզի այդ դժգոհությունները դաժանորեն ճնշելու իրավունք ձեռք բերի»:










