Կինը ծննդաբերել է Նիցցայի լողափում՝ ահաբեկչության ժամանակ
Կինը ծննդաբերել է ֆրանսիական Նիցցա քաղաքի Անգլիական լողափում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru` հղում անելով ֆրանսիական Le Figaro-ին, տվյալ պահին կնոջ կողքին ևս 1500 մարդ է գտնվել, ովքեր փորձում էին թաքնվել մարդկանց վրա ընթացքող բեռնատարից:
Երիտասարդ կինը գտնվում էր հղիության 9-րդ ամսում: Վերապրած սարսափի ու վախի պատճառով նրա մոտ սկսվել են ծննդաբերության ցավերը: Լողափում գտնվող ռեստորանի աշխատակիցները ծննդկանին տեղափոխել են խոհանոց և տարածքը մեկուսացրել են անծանոթներից: Հաստատության տիրոջ խոսքով` մարդիկ թաքնվում էին նույնիսկ սառնարաններում:
Բժիշկը ծնունդն ընդունել է հենց գետնի վրա: Որոշ ժամանակ անց ժամանած փրկարարները տեղափոխել են կնոջն ու նորածին երեխային:
Հիշեցնենք, որ Նիցցայում ահաբեկչությունը տեղի է ունեցել հուլիսի 14-ին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնական հրավառությունից հետո, երբ 31-ամյա թունիսցի Մուհամեդ Բուհլելը բեռնատարով ներխուժել է լողափ և ընթացել այնտեղ հավաքված մարդկանց ուղղությամբ:
Ահաբեկչության հետևանքով 84 մարդ է զոհվել, որոնց թվում են 9 երկրի քաղաքացիներ, այդ թվում` Հայաստանի: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:










