Թուրքիան խնդրել է Հունաստանին վերադարձնել ուղղաթիռով այդ երկիր մեկնած թուրք զինվորականներին

14:43 • 16.07.16

Թուրքիան խնդրել է Հունաստանին վերադարձնել այդ երկրին քաղաքական ապաստանի հարցով դիմած թուրք 8 զինվորականներին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

 

Ավելի վաղ BBC-ն հայտնել է, որ թուրքական ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել Հունաստանի հյուսիսում: Ուղղաթիռում գտնվել է 8 հոգի, որոնք քաղաքական ապաստան են խնդրել ձերբակալվելուց հետո: Այդ մասին հայտնել է Հունաստանի ոստիկանությունը։

 

Հունաստանի պետական ERT հեռուստաալիքը հայտնել էր, որ տղամարդիկ կարող են ներգրավված լինել Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձում:

 

Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: