«Նիցցայում բոլորը դեռ շոկի մեջ են». Կիրկոր Աժդերհանյան
Նախօրեին ահաբեկչության ենթարկված Ֆրանսիայի Նիցցա քաղաքում լարվածությունը պահպանվում է, մարդիկ դեռ շոկի մեջ են կատարվածից:
«Այսօրվա վիճակն ավելի կայուն է, բայց ժողովուրդը շոկի մեջ է, ծովեզերքի ճանապարհը փակ է: Բոլորը շոկի մեջ են դեռ: Մեր հարևանների մեջ մահացածներ կան, բայց կյանքը շարունակվում է»,- այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ահաբեկչության ականատեսներից մեկը՝ Նիցցայի հայկական դպրոցի ատենապետ Կիրկոր Աժդերհանյանը:
Նրա խոսքերով՝ Նիցցայի հայ համայնքը վաղը առավոտյան ժամը 11-ին հավաքվելու է Նիսի Մադլեն թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր հոգեհանգիստ է լինելու Նիցցայի ահաբեկչության բոլոր զոհերի համար:
Կիրկոր Աժդերհանյանը նաև ասաց, որ ահաբեկչության գործով այսօր կա 5 ձերբակալված:
Նշենք, որ Ֆրանսիայի Նիցցայում 84 զոհերի թվում ՀՀ քաղաքացին Նարինե անունով կին է, որը 2 տարի առաջ տեղափոխվել էր Նիցցա` Հայաստանից:
Թե երբ կլինի հայ զոհի հոգեհանգիստը, Կիրկոր Աժդերհանյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ Նարինեի ամուսինը վշտի մեջ է և հնարավոր չէ նրա հետ կապվել:










