Թուրքիայի բնակիչներն Էրդողանի անունից փողոց դուրս գալու կոչով SMS են ստացել

11:43 • 16.07.16

Թուրքիայի որոշ բնակիչներ sms հաղորդագրություններ են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից՝ «ժողովրդավարությունը պահպանելու» և փողոց դուրս գալու կոչով: Այդ մասին հայտնում են Facebook սոցիալական ցանցի թուրք օգտատերերը, գրում է РИА Новости-ն:

 

«Թուրք ազգի զավակներ, այս շարժումը փորձ է, ինչպես և 1970-ականներին, ուղղված թուրք ազգի դեմ՝ Ստամբուլում և Անկարայում զենքի և տեխնիկայի գրավման ճանապարհով: Հարգելի՛ թուրք ժողովուրդ, պահպանե՛ք ժողովրդավարությունը և խաղաղությունը: Ես հրավիրում եմ ձեզ փողոց դուրս գալ այս փոքր խմբերի դեմ, որոնք կարծում էին, թե կարող են կոտրել թուրք ազգին: Պահպանե՛ք ձեր կառավարությունը և ազգը»,- այս տեքստն է մեջբերել Թուրքիայի բնակիչներից մեկը:

 

SMS ստացած թուրք քաղաքացիների մոտ հաղորդագրությունն ուղարկողի անվան տեղում նշված է ոչ թե հեռախոսահամար, այլ RTERDOGAN:

 

Հայտնի չէ, թե արդյոք այդ տեքստը Թուրքիայի առաջնորդի անունից պաշտոնական հաղորդագրություն է, թե ոչ: