Հունաստանը Թուրքիային է վերադարձրել ապստամբների  առևանգած ռազմական ուղղաթիռը

11:07 • 17.07.16

Հունաստանի իշխանությունները Թուրքիային են վերադարձրել  այն ռազմական ուղղաթիռը, որով շաբաթ առավոտյան` պետական հեղաշրջման չստացված փորձից հետո,  Ալեքսանդրուպոլիս քաղաք են ժամանել 8 թուրք զինծառայող:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, հունական ERT հեռուստաալիքին հղումով, Հունաստանի իշխանությունները դեռևս չեն արտահանձնել քաղաքական ապաստան խնդրած զինծառայողներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերոհիշյալ հարցը քննարկվելու է արտահանձնման վերաբերյալ հունական ու միջազգային օրենքների համաձայն: Մինչդեռ պաշտոնական Անկարան Աթենքից պահանջում է անհապաղ արտահանձնել պետական հեղաշրջման փորձի 8 մասնակիցներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:

Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է  մոտ 3.000 մարդ, որոնց  մեջ կան բարձրաստիճան զինծառայողներ: Մինչդեռ զոհերի թիվը հասել է 265-ի, որից 104-ը ապստամբներ են։