Հայը հային պատանդ պահելով հարց չենք լուծի. Կոմիտաս վարդապետը զինված խմբի քայլերի մասին
«Սասնա ծռեր» ջոկատի անդամների կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու փաստը Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մոտ առաջացրել է մի շարք հարցականներ:
Tert.am-ի հետ զրույցում հոգևորականն ասաց. «Հայը հային պատանդ պահելով, հայը` հայ ոստիկանին, մենք հարց պիտի լուծե՞նք: Եվ հանկարծ կամ ոստիկանները գլուխ բարձրացրեցին, կամ դա անողները ու հայի արյուն թափվեց, հետո՞, ու՞ր ենք հասնելու: Այսինքն` սահմանը փոխադրում ենք նե՞րս, սահմանային սպանությունները տեղափոխում ենք հայը հայի սպանության հարթակ: Եվ իմ համար այդ քայլը համոզիչ չէ»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Նրանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար:










