Անգամ թուրքը պատանդ չի վերցնում այն մարդուն, ում վրա գրված է` բժիշկ. բժիշկը «Սասնա ծռերի» քայլերի մասին

13:55 • 27.07.16

Անգամ թուրքը պատանդ չի վերցնում այն մարդուն, ում վրա գրված է՝ բժիշկ և ով գնում է կյանքեր փրկելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ վնասվածքաբանության, օրթոպեդիայի, ճառագայթաբանության և այրվածքների ԳՀ կենտրոնի տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Վաչագան Այվազյանը՝ անդրադառնալով Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինյալ անդամների կողմից բժիշկների պատանդ վերցնելու երևույթին։

«Բժշկին պատանդ վերցնել, կրակել՝ չի կարելի, սովորական քաղաքացուն ևս, բայց երբ օգնության մեկնած բժշկին են պատանդ վերցնում` դատապարտելի է: Ինձ թվում է, անգամ թուրքն այդ բանը չէր անի: Հայրս ասում էր, բժշկի վրա անգամ ֆաշիստը չի կրակում»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե «Սասնա ծռեր» խմբի անդամները ՊՊԾ գնդի տարածքից դուրս չեն թողել խմբի վիրավոր անդամներին, որոնք բուժօգնության կարիք ունեն, բժիշկ Այվազյանն ասաց, որ քաղաքացու իրավունքն է բուժօգնություն ստանալը, իսկ այդ քայլը կարող է ոչ ցանկալի, վատ հետևանքներ բերել այդ քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ այս գիշեր հաղորդվել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում, բացի հիվանդանոց տեղափոխվածներից, կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։

Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «բժշկական հանրությունը դատապարտում է զինյալ խմբի կողմից բժիշկների պատանդ վերցնելու անբարո քայլը»։

 
Հիշեցնենք, որ այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նաև գիշերվա ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Զինվախ խմբի անդամները պատանդ են վերցրել իրենց իսկ կանչով ՊՊԾ գնդի տարած ժամանակ շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին և Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին։

 

 

Անգամ թուրքը պատանդ չի վերցնում այն մարդուն, ում վրա գրված է` բժիշկ. բժիշկը «Սասնա ծռերի» քայլերի մասին