Սարի թաղից բազմաթիվ ցուցարարներ են բերման ենթարկվել, կան տուժածներ, այդ թվում լրագրողներ (թարմացվում է)

22:40 • 29.07.16

02:24


«Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։

Մնացած տուժածների վիճակը բավարար է։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելուն, ապա հայտնում ենք, որ Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» այդ փաստը չհաստատեց»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը


01:01


«ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:



00:30


Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած «Սասնա ծռերին» սատարող ցույցը ոստիկանության կողմից ցրելու արդյունքում, ըստ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի, նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած:

Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին:

Նշենք, որ Սարի թաղի ցույցը ցրելու ժամանակ ծեծի են ենթարկվել ու վիրավորվել մի շարք լրագրողներ, քաղաքացիներ, ինչպես նաև ոստիկաններ: Գրանցվել է նաև հրդեհի դեպք:


23։56

Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Անհայտ անձինք խլել են նաև տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել:

Ծեծի են ենթարկվել Նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն ԱՍլանյանև և Հովհաննես Մովսիսյանը։

Քիչ առաջ Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը. տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը։ Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:

---------------------------------------------------

23։29

«Որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում:
ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»,- դարձյալ տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

----------------------------------------------------

23։12

«Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

----------------------------------------------------

23։07

Մի քանի տասնյակ ցուցարարներ բերման ենթարկվեցին։ Հարակից փողոցներից՝ Նար-Դոս, Խորենացի, շարունակում են մարդկանց բերման ենթարկել։

-----------------------------------------------------

22։45

Ցուցարարների մի մասը հավաքվել էր Խորենացի փողոցում, մյուսը՝ Սարի թաղում։ Ոստիկաններին կարծես հաջողվեց ցրել Խորենացի փողոցում հավաքվածներին, այժմ ցրում են Սարի թաղում հավաքվածներին։

------------------------------------------------------

22։36

Հնչեցին կրակոցներ, ոստիկանները սկեցին հավաքվածներին բերման ենթարկել։

-------------------------------------------------------

22:36

 Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը բանակցության ընթացքում դիմեց հավաքը նախաձեռնողներից Արմեն Մարտիրոսյանին և Լևոն Բարսեղյանին, նորից շեշտեց, թե հավաքն անօրինական է, հինգ րոպե ժամանակ տվեց, որ ժողովրդին հետ քաշեն, հավաքը դադարեցնեն: Արմեն Մարտիրոսյան ու Լևոն Բարսեղյանն ասացին, թե չեն դադարեցնի հավաքը, բայց ամեն ինչ կանեն, որ չլինեն բախումներ և սադրանքներ:

-----------------------------------------------------------

22։26

Խորենացի փողոցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բանակցեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ: Վերջինս հորդորում էր Արմեն Մարտիրոսյանին հեռանան և դադարեցնեն չարտոնված հավաքը: Այստեղ է նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս Խորենացի փողոցում է:

Քաղաքացիների հետ բանակցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հավաքվածները նրանցից հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում, ինչ կրակոցներ են լսվում: Նա պատասխանեց, թե տեղյակ չէ:

------------------------------------------------------------

22:17

 Խորենացի փողոցում քաղաքացիներից մեկն իրեն վատ զգաց և կորցրեց գիտակցությունը: Ոստիկանությունը զգուշացրեց, որ հավաքն անօրինական է և պետք է դադարեցվի:

--------------------------------------------------------------

21:52

Քայլերթի մասնակիցները Նար-Դոսից  անակնակալ թեքվեցին Սարի թաղ։

---------------------------------------------------------------

21։00

Քայլերթը մի պահ կանգ առավ, մասնակից քաղաքացիներից մեկը դիմեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որ միանա ժողովրդին: Փոխոստիկանապետն էլ պատասխանեց, որ ինքը միշտ էլ ժողովրդի կողքին է եղել: Այս պահին երթը շարունակվում է:

-----------------------------------------------------------------

20։52

«Ազատության» հրապարակում հավաքվածները «Ես Սասնա ծուռ եմ» վանկարկումներով սկսել են իրենց երթը:

 

------------------------------------------------------------------

20։47

Ելույթներով հանդես եկան Եղիշե Պետրոսյանը, Անդրեաս Ղուկասյանը և հավաքվածներին առաջարկեցին քայլերթով շարժվել Խորենացի փողոց:

------------------------------------------------------------------

20։40

Հակաճգնաժամային կենտրոնի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունեցավ նաև Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա ասաց, որ  ապօրինի իշխանությունը պետք է փոխարինվի օրինական իշխանությամբ: «Մեզ զավթիչ իշխանություններ պետք չեն:

«Քաղբանտարկյալներ» չպիտի լինեն և հող չպիտի զիջեն: Այս հասարակ բաներն են մեզ պետք»,- հայտարարեց Լևոն Բարսեղյանը:

------------------------------------------------------------------------------------

«Ազատության» հրապարակում սկսվեց հակաճգնաժամային կենտրոնի անդամների մամուլի ասուլիսը : Ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ինքը տեղեկություն ունի, որ «Սասնա ծռեր» խմբավորման վրա կրակել են ռուս դիպուկահարներ: Ասաց, թող այդ մասին պարզաբանում ներկայացնեն իրավապահները:

 

 

 







 

Սարի թաղից բազմաթիվ ցուցարարներ են բերման ենթարկվել, կան տուժածներ, այդ թվում լրագրողներ (թարմացվում է)