Մոսկվայում կբացվի ԽՍՀՄ արտիստ Եվգենի Լեոնովի նոր արձանը

18:11 • 14.09.16


«Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոաստղերի պուրակում շաբաթ օրը կբացվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Լեոնովին նվիրված բրոնզե հուշարձանը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության մամլո ծառայությունը:

Քանդակը կտեղադրվի այն նույն վայրում, որտեղ նախկինում կանգնեցված է եղել Լեոնովի հուշարձանը` Դոցենտի կերպարում «Հաջողության ջենթլմենները» ֆիլմից: 2015-ի աշնանը արձանը գողացել էին, բաժանել մասերի և հանձնել որպես մետաղ: Այս տարվա մայիսին դատարանը գողերին 2.5 տարվա ազատազրկման է դատապարտել:

ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովի խոսքով` հուշարձանը կվերականգնվի տաղանդաշատ դերասանի 90-ամյակի առթիվ:

Արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն Նիկիտա Միխալկովը, Կարեն Շահնազարովը, Իոսիֆ Կոբզոնը, Վլադիմիր Մալիշևը, ինչպես նաև կինոյի և թատրոնի այլ հայտնի դերասաններ:

 

 

 

 

 

 

Մոսկվայում կբացվի ԽՍՀՄ արտիստ Եվգենի Լեոնովի նոր արձանը