Փոլ Մաքարթնին և Ռինգո Սթարը վերամիավորվել են «Բիթլզի» մասին ֆիլմի պրեմիերայի առթիվ (լուսանկարներ)
20-րդ դարի ամենահայտնի խմբերից մեկի՝ բրիտանական «Բիթլզի» նախկին անդամներից 2-ը՝ Փոլ Մաքարթնին և Ռինգո Սթարը, վերամիավորվել են աշխարհահռչակ «քառյակի» վերաբերյալ վավերագրական ֆիլմի պրեմիերայի առթիվ:
Ինչպես նշում է reuters.com-ը, Մաքարթնին և Սթարը միասին են հայտնվել Լոնդոնում կայացած միջոցառման գորգին:
Աղբյուրը մանրամասնում է, որ «The Beatles: Eight Days a Week - The Touring Years» խորագրով վավերագրական ֆիլմի ռեժիսորն օսկարակիր Ռոն Հովարդն է: Նրա նոր աշխատանքի պրեմիերային ներկայացել են խմբի հարյուրավոր երկրպագուներ՝ այդ թվում նաև երգչուհի Մադոննան, երաժիշտ Էրիկ Քլեփթոնն ու այլ հայտնի հյուրեր:
Ֆիլմը պատմում է խմբի համաշխարհային շոուների, վերջին համերգային շրջագայության, ամենավաղ շրջանի ելույթների մասին: Ֆիլմը ստեղծողներն օգտագործել են բազմաթիվ արխիվային նյութեր՝ լուսանկարներ, տեսագրություններ և ձայնագրություններ:
«Մենք բոլորս էլ հուզված ենք, քանի որ առաջին անգամ ենք տեսնելու ֆիլմը»,- հավաքվածներին ասել է Սթարը:










