Թուրքիայում Սեբաստիայի իսլամացված հայերի մասին պատմող գիրք է լույս տեսել (լուսանկար)

13:04 • 16.09.16

Թուրքիայում լույս է տեսել պատմական Սեբաստիա նահանգի Զարա շրջանի փրկված հայերի մասին պատմող «Դերձակ Վարդանուշի հիշողությունները» գիրքը, գրում է «Ակօս»-ը: 



Գրքի հեղինակ Ավետիս Օլգունը, որ գրի է առել իր մայրիկի հիշողությունները, մանկությունն անցկացրել է 1940-ականների Զարայում:





Ավետիս Օլգունը գրքում ներկայացրել է սեբաստացի հայերի շուրջ 100-ամյա պատմությունը՝ 1915թ.-ից մինչ մեր օրերը:

 

Գրքում Օլգունը պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը Ցեղասպանության տարիներին փրկվել կոտորվելուց, այնուհետև 1950թ.-ին արտագաղթել Ստամբուլ՝ կրոնական ճնշումների հետևանքով: Հեղինակն անդրադարձել է ծպտված հայերի հանդիպած կրոնական և սոցիալական խտրականություններին, ժամանակին գործ գտնելու և մահմեդական հասարակությանն ինտեգրվելու դժվարություններին:

 

«Ակօս» թերթին տված հարցազրույցում Ավետիս Օլգունը նաև նշել է, որ Սեբաստիայում բոլորը ճանաչում են կրոնափոխ հայերին: Ըստ նրա՝ կրոնափոխ հայերի ու մյուս մահմեդականների միջև ամուսնություններ շատ քիչ էին տեղի ունենում, և հայերը նախընտրում էին ներհամայնքային ամուսնություններ կազմակերպել:


Ստորև ներկայացնում ենք տպագրված գրքից մի հատված.

«Աստված թող ոչ ոքի սովի միջոցով չդաստիարակի: Այս սովից և դժբախտ վիճակից շատ հայեր գնացին կողքի գյուղերը, գետի ափին տներ կառուցեցին: Այս ամենը գրելու համար չափազանց է: Այնքան թուրքական գյուղեր կան, որ որպես երկրորդ կամ երրորդ կին՝ հայուհիների էին վերցնում: Զարայի մոտ, Դեվեկսե գյուղում չկար մի տուն, որ փախցրած հայ կին չունենար: Մեր ավանում 3 մեծ հայկական գերդաստան ամբողջովին մահմեդականացավ: Նրանց կանայք էլ են հայ: Նրանք մզկիթից դուրս չեկող մարդիկ են, առավոտից երեկո նամազ են անում: Ինչ էլ անեն՝ նրանց ասում են գյավուր: Ինչ-որ տեղ է գնում, ասում է Ահմեդն եմ, Բեքիրն եմ, ոչ ոք չի ճանաչում: Հաա, գյավուր Բեքիրը, գյավուր Ահմեդը պիտի ասեն, որ ճանաչեն:

Գնում են աղջիկ ուզելու: Չեն տալիս: Լսում էի, թե ինչպես են Ահմեդն ու կինը լացում դռան մոտ»:


Թուրքիայում Սեբաստիայի իսլամացված հայերի մասին պատմող գիրք է լույս տեսել (լուսանկար)