Կուտինայի հայկական հախճապակու արվեստը. ցուցադրություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

11:28 • 19.09.16

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» խորագրով ցուցահանդեսը:

Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

Ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 20-ը (ամեն օր` բացի չորեքշաբթի օրերից):

Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Կուտինայի հայկական հախճապակու ստեղծման դարավոր ավանդույթների ճանաչմանը և հանրահռչակմանը: Ներկայացվող  հախճապակե ցուցանմուշները փոխառնված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, ինչպես նաև Գարագաշեան և Մինասեան ընտանիքների մասնավոր հավաքածուներից:

Կուտինա քաղաքը (Քյոթահյա) Մեծ երգահան Կոմիտասի ծննդավայրն է: Այն խեցեգործության և հախճապակու արդյունաբերության պատմական կենտրոն էր, որտեղ 16-20-րդ դարերում, շնորհիվ հայ վարպետների` ծաղկում էր գեղարվեստական ինքնատիպությամբ առանձնացող կիրառական արվեստի այդ ճյուղը: Կուտիանահայերի կերտած բազմաթիվ հախճապակե իրեր պահվում են Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի, Բրյուսելի, Վենետիկի, Երուսաղեմի և այլ քաղաքների խոշորագույն թանգարաններում: