«Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցադրությունը մեր ազգային նկարագիրն է. Հայկ Դեմոյան
Մոտ 10 տարի հավաքվել էր գիտելիք, նյութ, տեղեկույթ, որպեսզի այս ցուցադրությունը կայանա․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Վերջին երկու-երեք տարիների ընթացքում այդ աշխատանքն ավելի ակտիվ, ինտենսիվ բնույթ է կրեց,-ասաց նա,-այն մեր ազգային նկարագիրն է՝ խտացված ազգային պայքարի, ազատագրական պայքարի, իղձերի, հույսերի և ամենակարևորը՝ սպասումի ամբողջացումն է: Սպասում պետականության: Այն իրերը, որ դուք կտեսնեք, յուրօրինակ կրիչներ են պետական խորհրդանիշների, որ մեր նախապապերը, սերունդներ առաջ նկարել են, թաքցրել են, դրվագել են տարբեր կրիչների վրա՝ մետաղ, փայտ, թուղթ և այլն»:
Ըստ Հայկ Դեմոյանի՝ այս ցուցադրությունը պետք է օգնի բոլորիս, որպեսզի տեսնենք, թե նախորդ սերունդները, ինչ արժեքների էին ձգտում, ինչ զոհողությունների էին գնում:
«Այո, մեծ զոհողությունը եղավ Մեծ եղեռնը: Զոհվածների մեծ մասն ունեին այդ իղձը՝ ապրելու ազատ, անկախ Հայաստանում: Պատահական չի ընտրված ցուցադրության վերնագիրը, որովհետև 1915 թվականից առաջ, այդ ընթացքում, որբերը, այրիները, վերապրածները շարունակաբար նկարում էին, գործում էին, դրվագում էին հայկական դրոշների, զինանշանների տարաբնույթ պատկերներ»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ ցուցադրությանը մեծամասնությամբ ներկայացվել են բնօրինակներ:










