Ուկրաինացիներն առաջարկում են վերադարձնել «Ճակատագրի հեգնանք»-ը
Ուկրաինայի քաղաքացիները երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում խնդրագիր են տեղադրել, որում պահանջում են հեռուստատեսային ծրագրերի ցանկ վերադարձնել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը:
«Շուտով նոր` 2017 թվականն է… Ինչո՞ւ պետք է կորցնենք հիանալի ամանորյա պատմությունը: Դրանից բացի`մարդկանց ընտրության հնարավորություն տվեք, միշտ կարելի է ուղղակի փոխել ալիքը»,- ասվում է խնդրագրում:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, 2015 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հարցերով ազգային խորհուրդը հեռուստաալիքներին թույլատրել է ամանորյա տոների ժամանակ հեռարձակել դասական խորհրդային ֆիլմերը, մասնավորապես`«Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ»-ը:
Սույն թվականի ապրիլի 21-ին Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որն արգելում է երկրի տարածքում 2014 թվականի հունվարի 1-ից հետո նկարահանված բոլոր ռուսական ֆիլմերի ու սերիալների հեռարձակումն ու ցուցադրությունը: Ավելի վաղ Ուկրաինայում արգելվել է մոտ 400 ռուսական ֆիլմերի ու սերիալների ցուցադրությունը, որոնք վերաբերում են «ագրեսոր պետության մարմինները ժողովրդականացնող» ստեղծագործություններին:










