Եկեք պատմենք աշխարհին՝ ինչ է կատարվել այստեղ 1915 թվականին․ Իսրայելի փոխխոսնակ (տեսանյութ)

15:20 • 24.09.16

Քնեսետում Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը մշտապես աճում է.  հայ-իսրայելական համագործակցության  հասարակական ֆորումի ժամանակ հայտարարեց Քնեսետի փոխխոսնակ,  Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը՝ ավելացնելով, որ իրենք այդ հարցը բարձրացնում են նիստերի ժամանակ:

«Ամենամեծ հաջողությունը այդ հարցում մենք համարում ենք այն, որ երեք ամիս առաջ կրթության հանձնաժողովը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Այո, դա դեռ պաշտոնական Իսրայելի դիրքորոշումը չէ, բայց դա առաջընթաց է այս հարցում»,- ասաց Իսրայելի Քնեսետի փոխխոսնակը:

Նա մատնանշեց օրեր առաջ հայկական լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցը, նշեց, որ այնտեղ խեղաթյուրվել է իր խոսքը Հայոց ցեղասպանության մասին, որտեղ ներկայացվել էր, թե  Իսրայելն այսօր հնարավորություն չունի պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իսրայելում Հայաստանի մասին շատ քչերը գիտեն, նաև շատ քչերը գիտեն Հայաստանի պատմության մասին և շատ քչերը գիտեն հայերի՝Օսմանյան կայսրության կողմից ոչնչացման մասին,- ասաց նա՝ նշելով, որ երկու երկրների խնդիրը պետք է լինի այդ հարցը լուծելը,- որովհետև պետությունները, որոնք հետաքրքրված չեն Հայոց ցեղասպանության  ճանաչման հարցով, շատ բան են անում, որ այդ մասին  աշխարհը չիմանա: Այդ պատճառով ես դիմում եմ այստեղ գտնվողներին և կոչ եմ անում աշխատել այդ ուղղությամբ: Եկեք, պատմենք աշխարհին՝ ինչ է կատարվել այստեղ 1915 թվականին»:

Ըստ Թալի Պլոսկովի՝ եթե աշխարհը տեղեկանա Հայոց ցեղասպանության մասին, ապա ոչ ոք չի կարող ժխտել, որ դա չի եղել: «Ես ամբողջ հոգով հայ ժողովրդի հետ եմ»,- եզրափակեց իր խոսքը նա: