Լրատվամիջոցներին հայտնի են դարձել Ջոլիի և Փիթի ամուսնական պայմանագրի մանրամասները
Ամուսնալուծության գործընթացի ժամանակ դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին չեն զբաղվելու ունեցվածքի բաշխմամբ, քանի որ զույգն ավելի վաղ ամուսնական պայմանագիր է կնքել: Այս մասին գրում է ամերիկյան TMZ պորտալը:
Ինչպես հայտնել է զույգին մոտ աղբյուրը՝ կնքված պայմանագիրն իր մեջ ներառում է դերասանների համատեղ կյանքի և ունեցվածքի բաժանման հետ կապված բոլոր մանրամասները: Նշվում է, որ խոսքը մոտ 400 մլն դոլար գումարի մասին է:
Դերասաններն ունեն համատեղ ձեռք բերված 12 անշարժ գույք: Դրանցից 7-ը գնել է Բրեդ Փիթը, երկուսը պատկանում են Ջոլիին: Իսկ ահա Ֆրանսիայում գտնվող տունը, ԱՄՆ-ի Նոր Օրլեան նահանգում առանձնատունն ու Նյու Յորքում բնակարանը զույգը գնել է 2014թ.-ին կայացած հարսանյաց արարողությունից հետո:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է զույգը պատրաստվում կիսել այս սեփականությունը:
Ինչպես գրում է TMZ-ն՝ Ջոլիի և Փիթի համար հիմնական հարցը 6 երեխաների խնամքն է: Դերասանուհին խնդրել էր դատարանին իրեն հանձնել երեխաների խնամակալության իրավունքը, իսկ Փիթին թույլ տալ այցելել նրանց հանգստյան օրերին: Փիթը պատրաստվում է պայքարել նրա հետ երեխաների դաստիարակությամբ զբաղվելու իրավունքի համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան: Ըստ շրջանառվող լուրերի՝ դերասանուհուն չի գոհացնում այն, թե ինչպես է Բրեդ Փիթը կատարում իր ծնողական պարտականությունները:
Փիթ-Ջոլի զույգն ամուսնացել է 2014թ.-ի օգոստոսի 23-ին: Նրանք 6 երեխա ունեն՝ 15-ամյա Մեդոքսը, 12-ամյա Փաքսը, 11-ամյա Զահարան, 10-ամյա Շայլոն և 8- ամյա Վիվիենն ու Նոքսը:










