«Գրախանութները պիտի դառնան ընտանեկան հանգստի տեղ». Արմեն Ամիրյանն առաջինը կկարգավորի գրահրատարակչության ոլորտը
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր Tert.am-ի հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջին ռադիկալ փոփոխությունը մշակույթի ոլորտում, ասաց որ գրահրատարակչական ոլորտը պետք է կարգավորվի։
«Գրախանութները պիտի դառնան ընտանեկան հանգստի տեղ, որտեղ մարդը կարող է իր ընտանիքով ոչ միայն գիրք ընթերցել, գիրք գնել, այլև ընտանեկան հանգիստը կազմակերպել: Առաջին ամենառադիկալ փոփոխությունը, ես կարծում եմ, լինելու է դա, և կառավարությունը պետք է որոշակի արտոնություններ նախատեսի այն մարդկանց համար, ովքեր այդ ոլորտում պատրաստվում են ներդրումներ անել»,-ասաց նա։
Մյուս խնդիրների մասին նորանշանակ նախարարը կխոսի վաղը՝ վարչապետի կողմից պաշտոնապես ներկայացվելուց հետո:
«Վաղն անպայման խոսելու եմ այդ մասին ոչ թե 100 օր, այլ նույնիսկ մեկ օր չեմ սպասելու: Բոլոր բնագավառներում անելիքներ կան, մտահղացումներ կան ծրագրեր կան: Ամենակարևորը՝ իմ աշխատանքը լինելու է շատ բաց և թափանցիկ»,-ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ իր բոլոր խորհրդակցությունները նկարահանելու է և տեղադրելու է կայքէջում:
Նորանշանակ Արմեն Ամիրյանը հավատում է, որ կարող է իրական փոփոխություններ անել. «Հակառակ դեպքում ես իմաստ չեմ տեսնում նշանակման համար»:
Թե ով է իր թեկնածությունն առաջարկել նոր վարչապե՞տը, թե՞ նախագահը, Ամիրյանը չհստակեցրեց. «Ես ստացել եմ առաջարկ, սիրով համաձայնել եմ և գալիս եմ ծառայելու մեր մշակույթին և մեր ժողովրդին»:










