Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի երևանյան գալա համերգը

13:35 • 27.09.16

Beeline-ը և «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի երևանյան գալա համերգի անցկացման մասին: Համերգը տեղի կունենա  հոկտեմբերի 1-ին ժ. 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:  

Համերգի ընթացքում, որը կամփոփի 2016 թ. փառատոնային համերգաշարը, ելույթ կունենան այս տարվա երիտասարդ տաս լավագույն երգահանները, ինչպես նաև ավագ սերնդի հեղինակ-կատարողներ:

«Beeline-ը շարունակում է աջակցել երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծման և նրանց կյանքն ավելի լավ դարձնելուն ուղղված ծրագրերին: «Հուսո առագաստ 2016» փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր հեղինակ-կատարողների, ովքեր, համոզված եմ, կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում: Թող որ այս փառատոնը և համերգը նրանց համար լինեն մեկնարկ հետագա հագեցած ստեղծագործական ճանապարհի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Պետք է նշեմ, որ հեղինակային երգի և ընդհանուր առմամբ այս ուղղության համար տարին շատ հագեցած էր: Հույս ունեմ, որ գալա համերգը, ինչպես նաև հեղինակային երգին նվիրված գիրքը, որը գտնվում է ավարտական փուլում, կլինեն հիանալի լրացում իմ այս խոսքերին: Կցանկանայի նաև դիմել այս ժանրի բոլոր սիրահարներին, որպեսզի հնարավորության դեպքում մեզ հետ կիսեն այս փառատոնային օրը», - նշեց «Սիվիլ Արտ» մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

«Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի փառատոնի գալա համերգի ողջ հասույթն  ուղղվելու  է հեղինակային երգի հավաքածուի երրորդ թողարկման տպագրությանը: Գրքում կներառվեն հայ  հեղինակային երգի շուրջ 40 սիրված երգահանների ավելի քան 150 երգեր  տեքստով, ակորդներով,  ինչպես  նաև հեղինակի կատարման սկավառակով:

Նշենք, որ «Հուսո առագաստ» փառատոնն անցկացվում է  «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից,  Beeline-ի հովանավորությամբ և նպատակ ունի  բացահայտել ասպարեզում նորանուն հեղինակ-կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին:

 

Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի երևանյան գալա համերգը