Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողովը նոր լույսով կներկայացնի նրա գործունեությունը

14:14 • 27.09.16

«Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 27-ին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Գիտաժողովը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: «Հայ եկեղեցու և հոգևորականի համար Կոմիտասի ժառանգությունը նույն կարևորությունն ունի, ինչպես լավ գործիքը՝ արհեստավորի: Նրա երաժշտությունն աղոթք է»,-« Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի  արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն  Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գիտաժողովը հնարավորություն է տալիս ծանոթանալ Կոմիտասի գործունեությանը, նրա զարմանալիորեն զուլալ և հոգեցունց երաժշտությանը:

«Արվեստի ինստիտուտն իրականացրել է Կոմիտասի ժառանգության ակադեմիական հրատարակությունը, որի շնորհիվ այն հասանելի է դարձել երիտասարդ կատարողներին: Մեծ վարդապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ լույս ենք ընծայելու նրա գործունեությանն ու թողած հարստությանը վերաբերող գրքի երրորդ հատորը: Այս տարիների ընթացքում ստեղծվել է Կոմիտասագիտական պատկառելի գրադարան»,-ասաց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը:

Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտները կներկայացնեն Կոմիտասի ստեղծագործություններն առանց որևէ փոփոխության:

«Կոմիտասը մահացել է սրտի անբավարարությունից և ոսկրախտից, որը հնարավոր կլիներ բուժել հակաբիոտիկների գործածության դեպքում: Նրա մահվան պատճառները հոգեբուժական չեն եղել: Այսօր կան ուսումնասիրություններ, որոնց համաձայն Կոմիտասն ունեցել է որոշ ընկճախտային դրսևորումներ, որոնք որպես հոգեկան հիվանդության չեն կարող բնութագրվել: Կա տեսակետ, որը առհասարակ մերժում է նրա հոգեկան հիվանդությունը»,-ընդգծեց Կլոդին Բելամին, ով 1985-2010թթ. բուժքույր է աշխատել Վիլ Ժուիֆի հոգեբուժարանում, որտեղ տարիներ շարունակ փակված էր մեծն Կոմիտասը:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը: Փառատոնին հյուրընկալվել են կատարողներ Հայաստանից, Ճապոնիայից և Ֆրանսիայից: Գիտաժողով-փառատոնին աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն:

Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողովը նոր լույսով կներկայացնի նրա գործունեությունը