Պորտուգալիան սկանդալից հետո Խոան Միրոյի աշխատանքները չի վաճառի երկրի սահմաններից դուրս

16:23 • 28.09.16

Պորտուգալիայի կառավարությունը որոշել է որպես պետական սեփականություն պահպանել իսպանացի նկարիչ և քանդակագործ Խոան Միրոյի 85 աշխատանք՝ այն բանից հետո, երբ դրանք արտերկրին վաճառելու շուրջ սկանդալ է առաջացել:

 

Ինչպես նշում է RNS-ը, կտավների արժեքը գնահատվում է մոտ 35 միլիոն եվրո: 2008 թվականին դրանք դարձել են Պորտուգալիայի պետական սեփականությունը, երբ երկիրն ազգայնացրել է BPN բանկը, որին պատկանել է այդ հավաքածուն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2014 թվականին երկրի նախորդ կառավարությունը կտավներն աճուրդի է հանել Լոնդոնում, սակայն ավելի ուշ հանել է դրանք աճուրդից՝ ակտիվիստների ու ընդդիմադիրների բազմաթիվ ելույթների պատճառով, որոնք պահանջել են կտավները թողնել Պորտուգալիայում:

 

Կայքը գրում է, որ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան չի պարզաբանել` արդյոք այդ աշխատանքները կմնան որպես պետական սեփականություն, թե կվաճառվեն երկրի կոլեկցիոներներին: Կառավարության ներկայացուցչի խոսքով` կտավները կարող են վաճառվել անհատներին այն պայմանով, որ դրանք դուրս չեն բերվի Պորտու քաղաքից:

 

Պորտուգալիան սկանդալից հետո Խոան Միրոյի աշխատանքները չի վաճառի երկրի սահմաններից դուրս