Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա ավելի ուշ, քան սովորաբար
Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 13-ին` մեկ շաբաթով ավելի ուշ, քան նախորդ տարիներին, հաղորդում է Associated Press-ը:
Սովորաբար գրական մրցանակակրի անունը հայտնի է դառնում մյուս նոբելյան դափնեկիրների անունների հետ մեկտեղ` նույն շաբաթվա ընթացքում, սակայն այս տարի մրցանակ բաշխող Շվեդական ակադեմիայի ժամանակացույցի պատճառով անհրաժեշտ է եղել փոփոխություններ մտցնել օրակարգում:
Շվեդական ակադեմիայի անդամ Պեր Վաստբերգը պարզաբանել է, որ թեկնածուները որոշվում են աշնանը` սեպտեմբերի նախավերջին հինգշաբթիից սկսած: Հանդիպումները տեղի են ունենում չորս հինգշաբթի անընդմեջ: 2016 թվականին նախավերջին հինգշաբթին սեպտեմբերի 22-ին է եղել, այդ իսկ պատճառով վերջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:
Նշվում է, որ ավելի ուշ ամսաթիվ որոշելը կարող է ակադեմիայում տարաձայնությունների մասին խոսակցություններ առաջացնել, սակայն Վաստբերգը հայտնել է, որ հարցը միայն «մաթեմատիկան» է:










