Կապանում մարզային հանձնաժողովի անդամը դիտորդին թույլ չէր տալիս գրանցել ընտրողների թիվը
Սյունիքի մարզի Կապան քաղաքի 38/14 ընտրատեղամասում ներկաներից մեկը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդին ցուցում էր տալիս, որ իր մոտ չնշի, թե քանի հոգի է մասնակցում ընտրություններին, ասում էր, թե դիտորդն իրավունք չունի:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դիտորդի հետ վիճաբանողը մարզային հանձնաժողովից էր. «Նա ցանկանում էր, որ դիտորդը ոչ թե չնստի, այլ աշխատողներին անմիջապես չշրջապատի»:
Մեր դիտարկմանը, թե վիճաբանողն ասում էր, որ դիտորդն իր մոտ թիվ չպետք է նշի, Ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Թիվ գրելը գաղտնիք չէ, խնդիր չի, հիմա ինձ էլ որ հարցնեն, կասեմ: Եթե ինձ չի հարցնում, ես հեռվից չգիտեմ՝ ինքն այնտեղ ինչ է գրառում, կարող է անձնական տվյալ է գրառում, իսկ դա օրենքով չի թույլատրվում»:
Նա նշեց, որ մոտ 1300 ընտրողներից ժամը մոտ 14:00-ի դրությամբ 700 քաղաքացի է մասնակցել:
Նշենք, որ այս տեղամասում առավոտյան ընտրատեղամասի կահավորանքի հետ կապված խնդիրներ էին նկատվել՝ ընտրախցիկները պատուհանին և դռանը մոտ էին եղել, դրանք շտկվել էին՝ ապակիները ստվարաթղթերով պատելով, դռան անցքերը թղթերով փակելով:
Հանձնաժողովի նախագահը հավատացրեց, որ ընտրատեղամասում որևէ խնդիր չի եղել:











