Բացառված է, որ Գյումրիում ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն դաշինք կազմի. Միքայել Մելքումյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բացառում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հավանականությունը. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի որ ըստ նախնական արդյունքների Գյումրիում Բալասանյան դաշինքը 41% շեմը չի հաղթահարել, հնարավո՞ր է դաշինքներ ձևավորեն:
«Բացառված է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն դաշինք կազմի»,-ասաց նա, իսկ մյուս ուժերի հետ հնարավոր դաշինքի մասին դեռ վաղ համարեց պատասխանել:
«Եթե–ներով չեն խոսում, մենք բողոքարկելու ենք, նաև մյուս քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիների մեջ ենք, իրենք էլ են բողոքարկում, հիմքեր կան, որ արդյունքների մեջ որոշակի փոփոխություն կլինի, քաղաքականությունը չի սիրում եթե–ներ, կտեսնենք արդյունքները ինչպիսին են՝ նոր կխոսենք, բայց ՀՀԿ-ի հետ չենք կազմելու որևէ կոալիցիա»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ–ն, ընդհանուր առմամբ, գոհ է ՏԻՄ ընտրությունների Գյումրու արդյունքներից, ի տարբերություն Վանաձորում գրանցված արդյունքների:
«Ճիշտ է Վանաձորում մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք, էնտեղ ավագանի կունենանք, բայց, դա մեր թեկնածուի և տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,- ասաց Մելքումյանը:
ԲՀԿ–ական պատգամավորը նշեց, որ Գյումրիում ամենատարբեր ընտրախախտումներ են եղել, որոնք կբողոքարկվեն: Իսկ հարցին, թե ընտրակաշառք եղել է, պատասխանեց, որ տարբեր տիպի ինֆորմացիաներ ստացել են:










