«Որոշումը կայացրել է ՀՅԴ գերագույն մարմինը». ինչու է մանդատից հրաժարվում Վանաձորի քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածուն
Վանաձորի ավագանու մանդատից երեկ հրաժարական է տվել Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը:
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Համամասնական ցուցակի մեր թիմով փորձեցինք սահմանել և պահպանել քարոզարշավի հանդուրժողականության առանցքը, սակայն որոշ կուսակցությունների կողմից այն ոչ միայն չպահպանվեց, այլև նրանց կողմից ընտրարշավը վերածվեց քաղաքական ինտրիգային հարթակի: Գրեթե չքննարկվեցին Վանաձորի տարիներ շարունակ կուտակված հիմնախնդիրները: Եթե ավագանին այս ոճով մեկնարկի, ապա Վանաձորը դեռ երկար կսպասի համայնքային խնդիրների լուծումներին:
Կոչ եմ անում ավագանուն բառացիորեն լծվել այս խնդիրներին, դրանց ռացիոնալ և օրիգինալ լուծումների և ռեսուրսների փնտրմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի բարեկարգ Վանաձոր:
Հաշվի առնելով, որ ՀՅԴ համամասնական ցուցակը, չնայած հավաքելով մասնակիցների քվեների 6.37%-ը, ավագանում կներկայանա 2 մանդատով, չստացավ վանաձորցիների մեծամասնության քվեն, ինչի համար որ մասնակցում էինք ընտրարշավին, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին մեր թիմին և ինձ` որպես թիմի ավագ (կամ ինչպես ընդունված է ասել`թիվ 1 համար) և հավաստելով, որ ավագանու անդամի կարգավիճակն ինձ համար գերնպատակ չէր, հայտնում եմ ինքնաբացարկ, հնարավորություն տալով համամասնական ցուցակի հաջորդ համարով ընկերոջս դառնալու ավագանու անդամ»:
Tert.am-ի հարցին՝ ո՞րն է ՀՅԴ քաղաքապետի թեկնածուի՝ մանդատից հրաժարվելու պատճառը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց. «Դա արդեն մեր ներքին որոշելիք հարցն է: Գերագույն մարմնի որոշմամբ է դա տեղի ունեցել»:
Հստակեցմանը, թե կոնկրետ ինչով Դաշնակցության առաջին համարը ձեռք չի տվել կուսակցությանը, Համբարձումյանն ասաց. «Քանի որ ցանկի առաջին 2 ներկայացուցիչները արական սեռի ներկայացուցիչներ էին, փորձել ենք սեռերի հավասարակշռությունը պահպանել, ինչպես օրենք է պահանջում: Կամ պիտի լիներ 1-ին համարը և 3-ը, կամ 2-ն ու 3-րդը: Նպատակահարմար ենք համարել, որ մանդատ վերցնեն 2-րդ և 3-րդ համարները»:
Նշենք, որ Վանաձորի ավագանում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել են կոալիցիայի մասին: «ՀՀԿ-ի հետ ՀՅԴ համագործակցությունը չի սահմանափակվում միայն կառավարությամբ, անկախ նրանից Վանաձորում կունենանք մեծամասնություն, թե՝ ոչ»,- ասաց Համբարձումյանը:










