«Թուրքական հոսքը» կիրագործվի, իսկ թուրքական մրգերը կվերադառնան ռուսական խանութներ. «Газета»-ի անդրադարձը Պուտին-Էրդողան հանդիպմանը
«Թուրքական հոսքը» կիրագործվի, իսկ թուրքական մրգերը կվերադառնան ռուսական խանութներ: Այդպիսին են ռուսական Սու-24 կործանիչի հետ կապված միջադեպից հետո Ստամբուլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին այցի արդյունքները:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման քաղաքական մասը կանխատեսելիորեն վերաբերել է Սիրիային. ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրումից հետո Անկարան կարող է դառնալ տարածաշրջանում Մոսկվայի գլխավոր դաշնակիցը, գրում է «Գազետա»-ն:
Ռուսաստանը և Թուրքիան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազամուղի վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են գազամուղի երկու ճյուղ հիմնել, որոնցից մեկը նախատեսված կլինի թուրք սպառողների, երկրորդը՝ եվրոպական երկրներ գազամատակարարումների համար:
Երկրորդ էներգետիկ հարցը, որ բարձրացվել է երկուշաբթի, վերաբերել է ռուսական գազի գնի զեղչին: Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը նշել է, որ չնայած պաշտոնապես գնի հարցը «Թուրքական հոսք»-ի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի մաս չէ, այն այսպես, թե այնպես դրանից է կախված։
Էներգետիկ հարցերի լուծմամբ, սակայն, հանդիպումը չի ավարտվել: Ռուսաստանը որոշել է իր շուկա թողնել թուրքական մրգերի մուտքը: Դեռ 2016 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանում արգելվել է Թուրքիայից մի շարք ապրանքների ներմուծումը:
Քաղաքական մասն իր հերթին վերաբերել է հիմնականում Սիրիայի իրադարձություններին:
Իրավիճակում, երբ Արևմուտքի էլիտաները Ռուսաստանի գործողությունների դեմ են տրամադրված, իսկ Կրեմլը փաստացիորեն խզել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, Թուրքիան և նրա նախագահը կարող են դառնալ եթե ոչ այս իրավիճակում Մոսկվայի դաշնակիցը, ապա միջնորդ՝ որևէ երկխոսություն հաստատելու համար:
Ինչպես «Գազետա»-ի հետ զրույցում նշել է Վաշինգտոնում Gulf State Analytics խմբի առաջատար փորձագետ Թեոդոր Կարասիկը, «երկու առաջնորդների միջև գործարքն արտացոլում է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրավիճակը, որը բոլորովին փոխվել է դեռ մի քանի ամիս առաջ առկա իրավիճակի համեմատ»: Հանդիպման արդյունքները կարող են վկայել այն մասին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման ֆոնին Մոսկվան կարողացել է ավելի պատրաստակամ դաշնակցի գտնել Սիրիայում, քան Վաշինգտոնն է:
Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանը նույնպես ուրախ է նման համագործակցության համար: Սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահը դիմել էր ԱՄՆ-ին՝ կոչ անելով սկսել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների «մայրաքաղաք» համարվող սիրիական Ռաքքա քաղաքի համատեղ գրոհը: Այն դեռ չի սկսվել՝ քրդերի աջակցությունից հրաժարվելու ԱՄՆ-ի ցանկության բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։










