Հայ գրատպությանը նվիրված ցուցահանդես է բացվել Չեխիայի ազգային գրադարանում. ՀՀ ՄՆ

10:16 • 13.10.16

Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում` 2016 թվականի հոկտեմբերի 12-ին Չեխիայի ազգային գրադարանում բացվել է «Հայ գրքարուեստը դարերու ընդմէջէն» խորագրով բացառիկ ցուցահանդեսը`  նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 և Ամստերդամում տպագրված Ոսկան Երևանցու առաջին հայալեզու Աստվածաշնչի 350-ամյակներին. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 75 ցուցանմուշ` հայ հնատիպ գրքերի եզակի նմուշներ, ժամանակակից չեխական գրականության նմուշների հայերեն տպագրություններ, հայ գրողների գործերը չեխերեն թարգմանությամբ: Կկայանա համատեղ հրատարակված ցուցահանդեսի ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը և կեզրափակվի Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով (դիրիժոր` Հայկ Ութիջյան): Ծրագրում կհնչեն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները` Զարե Սահակյանցի մշակմամբ: Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվեն դասախոսություններ տարբեր թեմաներով: 

 

Հայ գրատպությանը նվիրված ցուցահանդես է բացվել Չեխիայի ազգային գրադարանում. ՀՀ ՄՆ