Ռուս մասնագետները ստեղծել են Պալմիրայի գերճշգրիտ 3D մոդելը
Ռուս հնագետներն ու ռազմական տեղանքագիրները ստեղծել են սիրիական Պալմիրա քաղաքի գերճշգրիտ լանդշաֆտա-ճարտարապետական 3D մոդելը, հաղորդում է Interfax-ը:
Մասնագետներն օդային նկարահանում են իրականացրել մոտ 13 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքում:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Նատալյա Սոլովյովան նշել է, որ այժմ միայն Ռուսաստանն է տիրապետում հուշարձանի վիճակի մասին ամենաճշգրիտ տեղեկություններին: Նրա խոսքով` 3D մոդելը հնարավորություն կտա ուրվագծել Պալմիրայի վերականգնման պլանը:
Սոլովյովան մանրամասնել է, որ հնագույն քաղաքում «Իսլամական պետության» գործողությունների հետևանքով նշանակալից շինություններ են քանդվել, սակայն ավերվածի մի մասը կարելի է վերականգնել, օրինակ` փոխարինել Բաալշամինի տաճարի վնասված քարերը, կրկին հավաքել Զենոբիայի սյունն ու մաքրել Դիոկղետիանոսի ճամբարը:
Նշվում է, որ օդային նկարահանումն իրականացվել է Ռուսաստանի ու Սիրիայի միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում: РЕН ТВ-ի հաղորդմամբ` լուսանկարները կփոխանցվեն Սիրիայի մշակույթի նախարարությանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին:










