Չի բառացվում, որ Նազարբաևը հիվանդացել է, որպեսզի չեղարկի այցը Հայաստան. Ղազախ քաղաքագետ
Ղազախստանյան քաղաքագետ Այդոս Սարիմը չի բացառում, որ Ղազախստանի նախագահ Նասուլթան Նազարբաևը հիվանդացել է, որ չեղարկի այցը Հայաստան, որովհետև Երևանը Աստանայի համար առաջնային պետությունների թվում չէ:
Tert.am-ի հետ զրույցում Այդոս Սարիմն ասաց, որ Հայաստան չայցելելու Նազարբաևի հայտարարությունը պետք է դիտարկել ավելի խորը և լուրջ խնդիրների առկայության համատեքստում:
«Հայաստան այցելելու Ղազախստանի նախագահի ցանկության կամ չցանկության հարցը պետք է խորը դիտարկել և ավելի լայն կոնտեքստում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ղազախստանի հնարավոր մասնակցության ու այդ կապակցությամբ ՀՀ դիրքորոշման հետ»,- նշեց ղազախստանցի քաղաքագետը:
Այդոս Սարիմը նշեց, որ Ղազախստանը հստակ պարտավորություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ: Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն այնքան քիչ է, իսկ համագործակցության հեռանկարներն այնքան աննշան, որ Ղազախստանի ղեկավարությունը կարծում է, որ կարող է առանց Հայաստան այցելելու էլ գործունեություն ծավալել:
«Հայաստանը չի մտնում Ղազախստանի համար առաջնահերթ, հետաքրքիր պետությունների շարքում ու պետք չէ սրանից նեղսրտել: Հայաստանը չունի ոչինչ առաջարկելու Ղազախստանին, ղազախական բիզնեսին: Իսկ ներդրումները Հայաստանում այդքան էլ ապահով չեն, որովհետև ՀՀ-ն կարող է ամեն վայրկյան ներքաշվել պատերազմի մեջ»,- նշեց Այդոս Սարիմը:










