Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա քաղաքականություն. Կարապետ Գուլոյան

16:05 • 14.10.16

Կոտայքի մարզպետ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը Tert.am-ի հետ զրույցում պնդում է, որ չնայած մամուլում շրջանառվող տեղեկություններին ու ԲՀԿ որոշ ներկայացուցիչների հայտարարություններին, Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա քաղաքականություն: Նշենք նաև, որ ՏԻՄ վերջին ընտրություններում նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Կարապետ Գուլոյանը պաշտպանում էր ՀՀԿ-ի թեկնածուներին:  

-Պարո՛ն Գուլոյան, ՏԻՄ վերջին ընտրություններում Դուք պաշտպանում էիք ՀՀԿ-ական թեկնածուներին...

- Այո, բոլոր տեղերում եմ պաշտպանել հանրապետականներին:

- Բայց Դուք կուսակցական չեք, հանձնարարակա՞ն էր Ձեզ տրված` որպես մարզպետի: Ինչո՞ւ էիք պաշտպանում ՀՀԿ-ականներին:

- Բացարձակ: Հանրապետականներին պաշտպանել եմ, որովհետև բոլորը լավն են:

- Միայն հանրապետականնե՞րն են լավը, ուրիշ լավ մարդ չկա՞ր:

- Ինչի՞ չկար, մեր մարզում առաջադրվողները բոլորը լավն են:

- Անկուսակցականների մեջ լավ մարդ չկա՞ր, որ սատարեիք:

- Մեր մոտ անկուսակցականներն էլ են ընտրվել: Նաև անկուսակցականներին եմ սատարել:  

- Իսկ ՀՀԿ-ականներին սատարելն ի՞նչ նպատակ ուներ, ուզում եք ամրապնդե՞լ Ձեր դիրքերը մարզում:

- Ոչ, ես տենց խնդիր չունեմ: Բայց ի՞նչ նպատակ պետք ա ունենամ: Ասեցի՝ լավ են աշխատում, գնահատում եմ իրանց աշխատանքը, առաջադրվել և վերընտրվել են:

- Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի հետ մտերմությունն արվում է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի առթիվ:

- Բայց Գագիկ Ծառուկյանն ի՞նչ կապ ունի իմ մարզպետական աշխատանքի հետ: Գագիկ Ծառուկյանն իմ բարեկամն ա և վերջ: 

- Կարծում եք՝ եթե Գագիկ Ծառուկյանը Ձեր բարեկամը չլիներ, Դուք կլինեի՞ք մարզպետ:

- Ինչու՝ ոչ: Բայց ո՞վ ա ասում, որ ես Գագիկ Ծառուկյանի բարեկամն եմ, դրա համար եմ մարզպետ:

- Ասել է թե՝ առանց Գագիկ Ծառուկյանի էլ Դուք մարզպետ կլինեիք։

- Տենց էլ եղել եմ:

- Իսկ Դուք կաջակցե՞ք Գագիկ Ծառուկյանին, եթե նա վերադառնա քաղաքականություն:

- Ինքը չի վերադառնա քաղաքականություն: 

- Ինչո՞ւ:

- Ես տենց գիտեմ:

- Մամուլում պարբերաբար շրջանառվում է, որ թե՛ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն ուզում են, որ վերադառնա:

- Դե, մամուլում շատ բան ա շրջանառվում: Ես, համենայն դեպս, տենց ինֆորմացիայի չեմ տիրապետում՝ իր բարեկամ լինելով:

- Հնարավո՞ր է, որ պարոն Ծառուկյանն իր ծրագրերով Ձեր հետ չկիսվի:

- Ինչ ասեմ...

- Իսկ Կոտայքի մարզում Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ եք փոխել:

- Շատ բան: Ահագին ծրագրեր ա իրականացվել իմ պաշտոնավարման ժամանակ՝ասֆալտապատման աշխատանքներ, պոլիկլինիկաներ ու դպրոցներ ենք վերանորոգել, ջրագծեր:

- Փաստորեն, Ձեր բիզնեսներն էլ եք զարգացրել այդ ընթացքում:

- Ո՞ր մեկը: Ասեմ, իմանաք, որ մեր ընտանիքը 90 թվականից բիզնեսով ա զբաղվել: Կոնկրետ ես հիմա չեմ զբաղվում: Դրա կարիքը չկա:

- Կոտայքի մարզը հայտնի էր նաև նրանով, որ, մամուլի տեղեկություններով, էնտեղ սահմանված էին մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում՝ դպրոցներ, պոլիկլինիկաներ, աշխատանքի ընդունվելու կաշառքների չափերը: Այդ երևույթը արմատախիլ արե՞լ եք:

- Իմ ժամանակահատվածում նման բան բացառվում ա:

- Պարո՛ն Գուլոյան, քանի որ աջակցել եք ՀՀԿ-ին, հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ական դառնաք առաջիկայում:

- Ոչ մի բան չի բացառվում: Նման առաջարկ չկա, նախաձեռնություն չկա: Կյանքում ոչ մի բան չի կարելի բացառել: