Էմիր Կուստուրիցան ու Գորան Բրեգովիչը «Բալկանյան համերգ» կտան Կրեմլում
Ռեժիսոր ու երաժիշտ Էմիր Կուստուրիցան և կոմպոզիտոր ու կատարող Գորան Բրեգովիչը նոյեմբերի 5-ին Մոսկվայի Կրեմլի պալատում «Բալկանյան համերգ» կտան, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով իրադարձության կազմակերպիչներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ բեմ դուրս կգա Կուստուրիցայի The No Smoking Orchestra խումբն ու կկատարի ռեժիսորի նոր` «Հարդագողի ճանապարհով» ֆիլմի սաունդթրեքը, որի գլխավոր դերակատարը Մոնիկա Բելուչին է: Համերգի ժամանակ ելույթ կունենա նաև Բրեգովիչի Wedding and Funeral Band խումբը:
Կայքը գրում է, որ համերգի հատուկ հյուրը կլինի երգիչ Սոսո Պավլիաշվիլին:
Նշենք, որ Գորան Բրեգովիչն Էմիր Կուստուրիցայի մի շարք ֆիլմերի սաունդթրեքների հեղինակն է («Գնչուների ժամանակը», 1988 թ., «Արիզոնյան երազանք», 1993 թ., «Անդերգրաունդ», 1995 թ., «Սև կատու, սպիտակ կատու», 1998 թ.):










