Պուտինի Հայաստան այցով ԼՂ հարցում փոփոխություն չի լինի, կլուծվեն որոշ տնտեսական խնդիրներ. Արա Պապյան

14:16 • 14.10.16

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին:

Նա նախ նկատեց, որ Պուտինի այցը տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:  «Ես չեմ կարծում, որ արտակարգ կամ արտառոց սպասելիք ունենք, լինելու են սովորական հանդիպումներ, որևէ նախապայման չեմ տեսնում, որ Հայաստանի հետ Ռուսաստանը շահագրգռված լինի ինչ-որ արտակարգ հարցեր զարգացնելու: ԼՂ հակամարտության առումով էլ որևէ փոփոխություն չի լինի, ընդհանուր բնույթի հայտարարություններ կլինեն»,-ասաց նա:   

Ըստ նրա՝ Ռուսաստանը կփորձի Հայաստանին համոզել ինչ-որ զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, քանի որ դա Ադրբեջանին գայթակղելու միակ ձևն է, բայց Հայաստանի իշխանությունները չեն գնա դրան և կփորձեն դիմադրել:

«Ես կարծում եմ, որ տնտեսական հարցերում որոշ խնդիրներ կլուծվեն՝ հաշվի առնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի մարդն է։ Գուցե գազի վերաբերյալ ինչ-որ մի պայմանավորվածություն լինի, բենզինի գնի իջեցման հարցում պայմանավորվածություն լինի, այսինքն` ինչ-որ քայլեր կարվեն ամրապնդելու Կարեն Կարապետյանի թիկունքը, բայց դրանք տնտեսական բնույթի կլինեն, բայց ոչ քաղաքական»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում հակառուսական տրամադրություններին, ապա նա ասաց, որ նման խնդիր Ռուսաստանը նախկինում ուներ, սակայն Կարեն Կարապետյանի նշանակմամբ երկու խնդիր է լուծվել: 

«Առաջինը՝ Ռուսաստանը վերցրեց տնտեսական վերահսկողությունը, քանի որ քաղաքական վերահսկողությունը Էդվարդ Նալբանդյանի միջոցով արդեն ուներ, և երկրորդը՝ հայ օլիգարխներին կստիպի Կարեն Կարապետյանի միջոցով ավելի շատ հարկեր մուծել, մի փոքր տնտեսական իրավիճակը կբարելավի, և Հայաստանը կդառնա վճարունակ՝ օրինակ զենք գնելու հարցում»,-ասաց նա և նշեց, որ դա Հայաստանի ժողովրդի համար վատ չէ, սակայն Հայաստանն արդեն ռուսական ազդեցության տակ է գտնվում:

Անդրադառնալով վերջերս կատարած Պուտինի այցին Թուրքիա՝ Արա Պապյանն ասաց, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը լավ չի անդրադառնա Հայաստանի վրա, քանի որ Թուրքիայի ազդեցությունը մեծանում է, և այն Թուրքիան կօգտագործի Հայաստանի դեմ այլ հարցերում, այդ թվում նաև Ղարաբաղի:

«Ռուսաստանն այլ ելք չունի։ Նա գնաց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման այն դեպքում, երբ Թուրքիան չկատարեց իր առաջադրած ոչ մի պայման»,-ասաց նա:

Պապյանը նաև նշեց, որ Թուրքիան ներողություն չի խնդրել Ռուսաստանից, քանի որ Էրդողանի տեքստում կիրառված բառը թուրքերենով նշանակում է «անցած լինի», «շատ ուշադրություն մի դարձրեք», և այն ուղղված է զինվորի ընտանիքին: Ըստ նրա՝ Ռուսաստանը հարաբերությունների բարելավման գնաց, քանի որ հայտնվել է մեկուսացման մեջ, և տնտեսական վիճակի էական վատթարացում կա:

«Սակայն Թուրքիան կարող է շատ հաջող քաշել Ռուսաստանին»,-ասաց նա և նշեց, որ Թուրքիան էլ իր հերթին Ռուսաստանից տնտեսական շահ ունի, իսկ Թուրքիայի քաղաքական շահը կապված է Արևմուտքի հետ:

«Ռուսաստանը և Թուրքիան թեև ռազմավարական հակառակորդներ են, բայց տակտիկական դաշնակիցներ են, այսինքն` լայն առումով իրենք երկուսն էլ պայքարում են տարածաշրջանի համար, սակայն ռազմավարական հակառակորդներ են»,-ասաց նա: