ՀԱՊԿ-ում պաշտոնյայի ազգությունը պետք չի գերագնահատել. Է. Շարմազանովը բերում է Տիգրան Սարգսյանի օրինակը

13:48 • 15.10.16

Tert.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը արհեստածին է համարում աղմուկը, որ բարձրացավ, երբ ինչպես նախատեսված էր, ՀՀ ներկայացուցիչն այս անգամ էլ Նիկոլայ Բորդյուժային չփոխարինեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ըստ նրա` նման կազմակերպություններում պաշտոններ ստանձնելիս ազգությունը կապ չունի, քանի որ նա սպասարկում է ոչ թե ինչ-որ պետության, այլ այդ կազմակերպության շահերը:

-Պարոն Շարմազանով, Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին պետք է որոշվեր` ով՞ է լինելու կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը: Մեկ անգամ Հայաստանի կողմից ՀԱՊԿ քարտուղարի ստանձնումը հետաձգվել էր, ենթադրվում էր, որ այս անգամ դա պետք է լիներ:  Նաև «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  ամիսներ առաջ  հայտնել էր, որ  առաջին անգամ ՀՀ ներկայացուցչի կողմից այս պաշտոնի ստանձնումը հետաձգվել էր ռուսական կողմի խնդրանքով, և, հետևաբար, հարց` այս անգամ ո՞ր կողմի խնդրանքով էր հետաձգվել և ի՞նչ պատճառաբանությամբ:

-  Որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար ուզում եմ հստակեցնել, որ ՀԱՊԿ-ում խնդրանքներով չեն հարցերը լուծվում. այս կազմակերպությունում բոլոր որոշումներն իրականացվում են կոլեգիալ և ՀԱՊԿ-ի շահերից ելնելով: Ւսկ ՀԱՊԿ խորհրդի անդամ բոլոր պետությունների նախագահները միաձայն որոշել են, որ Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը մեկ տարով երկարաձգվի: Դա եղել է կոլեգիալ որոշում, այդ թվում` ՀՀ  նախագահի:

Երկրորդ. երեկ արդեն ՀԱՊԿ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը (ՀԱՊԿ-ի նախագահությունն արդեն իսկ փոխանցվել է Բելառուսին) հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը կքննարկվի Սանկտ Պետերբուրգում`տարվա վերջին: Եվ այստեղ որևէ արտառոց բան չկա: Եվ ես` որպես ՀԱՊԿ գործընթացներին քաջատեղյակ մարդ, ասեմ, որ ՀԱՊԿ-ում  պաշտոններ ստանձնելու մասին խոսելիս չպետք է գերագնահատենք ազգությունը կամ թե ո՞ր պետության ներկայացուցիչ է:  ՀԱՊԿ պաշտոնյան պետք է սպասարկի բացառապես ՀԱՊԿ-ի շահերը,ոչ թե առանձին պետությունների: ՀԱՊԿ-ի առաջ այսօր ծառացած են բազում լրջագույն խնդիրներ. Ռազմավարություն է մշակվել, տարբեր խնդիրներ կան, և ՀԱՊԿ խորհրդի ներկայացուցիչները` ՀԱՊԿ նախագահները կորոշեն` ո՞վ կլինի, ո՞նց է լինելու։ Պետք չի գերագնահատել, թե հայ է լինելու, բելառուս, որովհետև նա իր գործը թողած` առանձին պետության շահերը չի սպասարկելու: Ինչո՞ւ Տիգրան Սուրենիչը (նկատի ունի Տիգրան Սարգսյանին – Tert.am), որ հիմա Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահն է, Հայաստանի շահե՞րն է սպասարկում, իհարկե ոչ, ԵԱՏՄ շահերը: Նա ԵԱՏՄ չինովնիկ է` ազգությամբ հայ: Պարոն Բորդյուժան էլ ՌԴ-ի շահերը չի սպասարկում, այլ ՀԱՊԿ-ի: Եվ այն արհեստական աղմուկը, որ երեկվանից կա մեր որոշ լրատվամիջոցներով, դա մտացածին է, արհեստական է ու իրականության հետ որևէ կապ չունի:

-Փորձեմ հակադարձել. Նուրսուլթան Նազարբաևը, որ ԵՏՄ չինովնիկ է, որպես թյուրքալեզու պետության ներկայացուցիչ, կարծես թե Ադրբեջանի շահերն է սպասարկում:

- Չկարողացաք լավ հակադարձել. Նուրսուլթան Նազարբաևը ԵԱՏՄ չինովնիկ չէ, նա Ղազախստանի նախագահն է: Իսկ Տիգրան Սարգսյանն այսօր ԵԱՏՄ կոլեգիայի նախագահն է և աշխատավարձ ստանում է, որպեսզի սպասարկի բացառապես ԵԱՏՄ շահերը: Նույնը` Նիկոլայ Բորդյուժան: Այդ թվում` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԵՄ գլխավոր քարտուղարը: Ինչո՞ւ Դոնալդ Տուսկը ԵՄ-ում Լեհաստանի շահե՞րն է սպասարկում:

- Ամեն դեպքում, Նուրսուլթան Նազարբաևի դիվանագիտական մրսածությունով էլ ոմանք պայմանավորեցին, որ Հայաստանը չի ստանձնում, քանի որ նա դեմ է և այլն:

- Նուրսուլթան Նազարբաևը դեմ չի եղել, ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները ընդունվել են կոլեգիալ, և ես պաշտոնապես հայտարարում եմ, որ  դա արդեն հեքիաթ է, իսկ Նուրսուլթան Նազարբաևի» դիվանագիտական մրսածության» առումով հանրապետության նախագահը և’ դիվանագիտական առողջություն մաղթեց և, առհասարակ, առողջացում: Բոլոր «մեսիջները» շատ սիրուն ուղարկվեցին Աստանա, որպեսզի պարոն Նազարբաևը  այնքան առողջ լինի, որ երբևէ չկասկածի` արժե՞ գնալ մասնակցել, թե՞ ոչ: Եվ պետք չի գերագնահատել Նազարբաևի դերը ՀԱՊԿ-ում, որովհետև նա ուզի, թե չուզի, եթե ՀԱՊԿ-ը որոշեց, որ ռոտացիոն կարգով է  լինելու այս պաշտոնի ստանձնումը, ապա քանի որ ՀԱՊԿ անդամ պետությունների ցուցակն սկսվում է «ա» - ռուսերենում (նկատի ունի, որ աբբենական կարգով է – Tert.am), ապա ստանձնելու է Հայաստանը:  Իսկ ՀԱՊԿ-ում բացի Հայաստանից «ա» տառով սկսվող որևէ պետություն չկա: