Իր մտադրությունների մասին կարող է բարձրաձայնել բացառապես Գագիկ Ծառուկյանը
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չգիտի`ինչի հիման վրա է Ծառուկյանի փեսա և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը որոշել, որ ԲՀԿ նախկին առաջնորդը քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի:
Tert. am-ի հետ զրույցում Իվետա Տոնոյանն ասաց. «Իր մտադրությունների մասին կարող է բարձրաձայնել բացառապես և միայն Գագիկ Ծառուկյանը: Ես որևէ կերպ պարոն Գուլոյանի հայտարարությունը չեմ կարող մեկնաբանել, ես չգիտեմ` ինչն է նման հայտարարության հիմք հանդիսացել: Ինքս` որպես պարոն Ծառուկյանի մամուլի խոսնակ, երբևէ նրանից այդ թեմային վերաբերող որևէ հայտարարություն չեմ լսել. քաղաքականություն մուտք գործելու կամ չգործելու վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Tert.am-ի հետ զրույցում պնդել էր, որ չնայած մամուլում շրջանառվող տեղեկություններին ու ԲՀԿ որոշ ներկայացուցիչների հայտարարություններին, Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա քաղաքականություն` ասելով. «Ինքը չի վերադառնա քաղաքականություն: Ես տենց գիտեմ»:
Այսօրվա մամուլում առաջ էր քաշվել հավանականություն, թե Կարապետ Գուլոյանը փոխանցել է Գագիկ Ծառուկյանի` ազգականների շրջապատում արված հայտարարությունը:
Հարցին, թե տեղյակ կլիներ, եթե Ծառուկյանը նման բան ասած լիներ ազգականների շրջանում, նրա խոսնակն ասաց, որ այդ մասով որևէ տեղեկության չի տիրապետում: «Ես չգիտեմ` պարոն Գուլոյանը այդ հայտարարությունը ինչի հիման վրա է արել»,- ասաց նա:










