Ով էլ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ՝ միանշանակ է, որ Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի գործընկերը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

12:38 • 09.11.16

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ԱՄՆ դեսպանատանը ընտրություններին նվիրված հավաքույթին հայտարարեց, թե ով էլ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ՝ միանշանակ է, որ Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի գործընկերը։

«Միացյալ Նահանգները կշարունակի ապահովել իր հանձնառությունները մեր բարեկամների հանդեպ, և անշուշտ, մեր հանձնառությունը բարեկամ Հայաստանի հանդեպ մենք կպահպանենք»,- ասաց դեսպանը:

Ըստ նրա, ԱՄՆ-ի համար կշարունակվի առաջնային խնդիր մնալ աջակցել Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ բարեկեցիկ երկիր, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ:

«Մենք կմնանք Հայաստանի համար կայուն, հաստատուն գործընկեր, և կաշխատենք միասին ապահովել բարեկեցիկ ապագան, որին արժանի է հայ ժողովուրդը»,-ասաց նա և նշեց, թե շատ լավ է զգում, երբ նայում է, թե ինչքան շատ բարեկամներ ու գործընկերներ ունեն ՀՀ-ում:

Անկախ այն հանգամանքից, թե ով կհաղթի, ԱՄՆ սահմանադրության և օրենքների համաձայն տեղի կունենա իշխանության փոփոխություն:

Ռիչարդ Միլսը նաև նշեց, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրերն 80 տոկոսով անփոփոխ են մնում, անկախ նրանից, թե ով է ընտրվում ԱՄՆ նախագահ։

«Ամերիկյան արժեքները, ազգային շահերը, և մեր բարեկամներն աշխարհում չեն փոխվում նախագահի փոփոխությամբ: Իսկ արտաքին քաղաքականության այն 20 տոկոսը պայմանավորված է  տվյալ նախագահի այս կամ այն հարցերի նկատմամբ գերակայությամբ»,-ասաց նա:

Նա օրինակ բերեց այն, որ կանանց իրավունքի հարցը Քլինթոնի համար առաջնահերթ դարձավ, իսկ նախագահ Ջորջ Բուշի համար առաջնահերթ դարձան ՁԻԱՀ-ի դեմ պայքարին վերաբերող հարցերը:

Իսկ մինչ այդ դեսպանն ասաց, թե այս օրը Միացյալ Նահանգներում հատուկ օր է, երբ ԱՄՆ-ում վերահաստատվում են արդեն 240 տարի գործող ժողովրդավարական ավանդույթները, ավանդույթները:

Դեսպան Միլսը նշեց, որ այս ընտրություններով ԱՄՆ-ում իշխանությունը խաղաղ կփոխանցվի նորընտիր նախագահին, անկախ նրանից, թե ով կընտրվի։