Ունենք ռեկորդային առևտրային դեֆիցիտ, որը փակում ենք պետական պարտքով և հասարակ քաղաքացիների պարտքային բեռի ավելացմամբ. Նարեկ Կարապետյան
«Մեր երկիրն ունի վճարային հաշվեկշռի ճեղքվածք արտաքին առևտրում, ավելի շատ մեր երկրից գումար է գնում, քան գալիս է,այդ ճեղքվածքն ինչ միջոցներով է փակվում»,-ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանին հարցրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հետաքրքրվելով, թե սպառազինության վրա կատարված ծախսերը արդյո՞ք աճել են։
Կարապետյանը նաև հետաքրքրվել է, թե ինչքան ուղիղ աջակցություն է ստանում տնտեսվարողը, որն ապահովել է նման հարկային եկամուտներ։
Ֆինանսների նախարարը նշել է, որ կապիտալ և միջանկյալ ապրանների գծով էական աճով է պայմանավորված ներմուծման աճը։
«Ներմուծման աճը մի զգալի հատվածով պայմանավորված է այնպիսի ապրանքների աճով, որոնք են կապիտալ և միջանկյալ պահանջարկի ապրանքները»,- ասել է նախարարը՝ վստահեցնելով, որ ներմուծում են այնպիսի ապրանքներ, որոնք մեծացնում են արտադրական հնարավորությունները՝ համապատասխան 450 մլն դոլարի և 600 մլն դոլարի աճով։
Նարեկ Կարապետյանը մասնավորացրել է, որ վճարային հաշվեկշիռն էլ է բացասական։
«Հովհաննիսյանն ասաց, թե իր կարծիքով վճարային հաշվեկշիռի դեֆիցիտ չունեն, այնտեղ կա վիճակագրական հարց»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով որ այդ հարցին լիարժեք կպատասխանի դահլիճում գտնվող ԿԲ նախագահ Մարտին Գրիգորյանը։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ 2027 թվականին ՊՆ կապիտալ ծախսերի մեջ մտնում է սպառազինությունը,որը 340 մլրդ դրամ է, 2026 թվականի՝ 303 մլրդ դրամի փոխարեն, բայց դրա բացվածքը չի տրամադրվում, քանի որ գաղտնի է։
Ըստ նախարարի՝ գյուղատնտեսության մասով 43.9 մլրդ դրամ սուբսիդավորում է պլամավորված տալ տնտեսվարողներին, 2026թ.-ի 35.6 մլրդ դրամի փոխարեն։
«Քաղաքական առումով, ես չեմ կարծում, որ էն գումարները, որը էկոնոմիկայի նախարարության միջոցով տալիս ենք որպես սուբսիդավորում, կամ արդիականացման աջակցություն, առանձին պետք է դիտել, որովհետև ցանկացած ենթակառուցվածքային ներդրում, օգնություն է մեր տնտեսվարողներին։ Տնտեսական ոլորտին 2026 թ 452 մլրդ դրամի փոխարեն, նախատեսված է 496 մլրդ դրամ, կամ 10%-ով ավելի շատ»,- ասել է Վահե Հովհաննիսյանը։
Նարեկ Կարապետյանն արձագանքելով նախարարին՝ ասելով. «Դուք ասացիք, որ միջանկյալ ապրանքների ներմուծումն է ավելացել, ինչը նշանակում է, որ երկրում դրանք չեն արտադրվում, իսկ որպեսզի արտադրվեն՝ արտադրողը երկրում պետք է մրցակցային առավելություն ունենա, եթե այն չունենա, երբեք չի արտադրի։ Ինչպես նշեցիք, 10 մլրդ դոլար վճարելով տնտեսվարողները հարկատուները, հետ են ստանում իրենց վճարած հարկերի 0.2-0.3%-ը, թող լինի՝ 0.5 %-ը, սա բավարար չէ միջանկյալ ապրանքների ներմուծման ծավալը նվազեցնելու համար»,- ասել է Կարապետյանը՝ նկատելով, որ առևտրի հաշվեկշռի առումով ունենք պատմական մեծ դեֆիցիտ։
Կարապետյանը նաև ասել է, որ նույն կառավարության տրամադրած վիճակագրությամբ վճարային դեֆիցիտը կազմում է 1.5 մլրդ դոլար, նախորդ տարվա 1.3 մլրդ դոլարի և նախանցած տարվա 700 մլն դոլարի դիմաց։
«Ձեր տված թվերով մենք ունենք ռեկորդային առևտրային դեֆիցիտ, որը փակում ենք պետական պարտքով և քաղաքացիների պարտքային բեռի ավելացմամբ, այն է՝ վարկերով»,-ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:










