ԱՄՆ-ում 1 տոննայից ավել կշռող և շուրջ 2 մետր հասակ ունեցող ցուլ է բնակվում (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ագարակներից մեկում հսկա չափսեր ունեցող ցուլ է բնակվում: Կենդանու տերը պնդում է, որ այն աշխարհի ամենաբարձրահասակ ցուլն է:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ընտանի կենդանին ունի 1.95 մետր հասակ և կշռում է 1043 կգ: Հսկա ցուլը իր սովորական ցեղակիցների համեմատ 4 անգամ ավելի շատ է ուտում:
Տիրոջ խոսքով` Դենիել անունով ցուլն ամեն օր 45 կգ խոտ և 7 կգ հացահատիկ է ուտում, ինչպես նաև 380 լիտր ջուր է խմում, անգամ 68 կգ կղանք է արտադրում: Կենդանու հսկա չափսերը նկատելի են եղել հենց ծնվելու պահից ի վեր:
Միջինում սովորական ցուլը 1.37 մետր հասակ է ունենում: Ագարակատերը մտադիր է հսկա կենդանու համար հատուկ գոմ կառուցել, որտեղ այն կանցկացնի ձմեռը և որտեղ ցանկացողները կկարողանան անվճար այցելել ու տեսնել կենդանուն:












