Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել` անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Այս մասին վարչապետը հայտարարեց ՀՀ կառավարության նիստին:
«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար, ինչը տրամաբանական է»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը մեկնաբանեց, որ նախ և առաջ իրեն վարչապետի պաշտոնին հրավիրել է ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, և, բացի այդ, յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան։
«Մեր կառավարությունն առաջին հերթին եղել է ՀՀԿ-ի կառավարություն»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով մյուս պատճառներին՝ Կարեն Կարապետյանն ասաց. «Եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է առաջանալ տեսական հարցադրում, թե ինչո՞ւ չեն հիմնում մեկ այլ կուսակցություն, որը կլինի քաղաքական հենարան: Ուղղակի դա արդարացված չէր լինի. ունենալով Արցախի հիմնահարց և անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից»:
Ըստ վարչապետի՝ ՀՀԿ-ն կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան. քանի որ ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությունը հոգեհարազատ է իրեն, այնտեղ իր համար բազմաթիվ ընդունելի մարդիկ կան. «Վարչապետի պաշտոնում և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»։
Կարեն Կարապետյանն ասաց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ դարձել է մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը. «Հաշվի առնելով այս ամենը՝ ես ՀՀԿ-ին միանալու որոշում եմ կայացրել»:
Անդրադառնալով Կառավարության անկուսակցական անդամներին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ պարտադիր չէ, որ անկուսակցական նախարարները դառնան կուսակցական, որևէ պարտադրանք չկա, և դա յուրաքանչյուրի գիտակցական և տրամաբանական որոշման հարցն է:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը:
ՀՀԿ-ին անդամակցության մասին հայտարարել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-րդ համագումարը, և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:










