Ես ու Միխայիլ Գալուստյանը երկու փորձ ենք արել. Կադիրովը КВН-ում հայ հումորիստի ելույթի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը VK սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) հոբելյանական երեկոյի ժամանակ հայ հումորիստ Միխայիլ Գալուստյանի ելույթին, որում վերջինս ընդօրինակել է իրեն բնորոշ շարժուձևն ու խոսելաձևը:
«Ես ու Միխայիլ Գալուստյանը երկու փորձ ենք արել, հագուստ ընտրել, երկու-երեք ժեստ սովորել: Ակցենտի հետ ամեն ինչ կարգին է եղել: Այս հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որ չստիպի հանդիսատեսին լարվել՝ փորձելով կռահել, թե ում է նա նմանակում (կատակում եմ): Շատ լավ է ստացվել»,-գրել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը ասել է նաև, որ ինքը սրտանց ծիծաղել է. «Կապ չունի՝ ում գաղափարն էր. Գալուստյանը կարճ, բովանդակալից, լակոնիկ և պարոդիկ է եղել»:
Ռամզան Կադիրովը նաև անդրադարձել է այլ հարցերի. «Իսկ այժմ լուրջ՝ զվարճալի բաների մասին: Կամ հակառակը: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մասին բազում հոդվածներ են գրվել: Բոլորը փորձում են ինչ-որ բան ասել: Բառերը շատ են, իսկ մտքեր չկան: Միխայիլ Գալուստյանը երկու-երեք արտահայտությամբ հստակ գնահատական է տվել դրանց: Ավելի զվարճալի իրավիճակ, քան ընտրություններն ԱՄՆ-ում, չի կարող լինել, ասում է նա: Պոկեմոնների մասին էլ է ճիշտ ասել: Չգիտեմ` ինչ միջատներ են դրանք, սակայն Չեչնիայում հաստատ չկան:
Իսկ բոլոր ՈՒՀԱ-ականներին մաղթում եմ և՛ փող, և՛ ավտոմեքենաներ. հակառակ դեպքում վտանգավոր կլինի նրանց հետ կատակներ անելը», - գրել է Կադիրովը և հրապարակել Գալուստյանի ելույթի տեսանյութը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Կադիրովին նմանակելուց հետո համացանցի օգտատերերն անհանգստացել են Միխայիլ Գալուստյանի առողջության համար:










