Հիմա ավելի շատ զբաղվում եմ ընտանիքիս կողմից ՀՀ–ում և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերով. Գագիկ Խաչատրյան

17:05 • 20.04.17

Tert.am-ը զրուցել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

- Պարո՛ն Խաչատրյան, կառավարությունից հեռանալուց հետո ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ, այսպես ասած, առաջնահերթություններ ունեք հիմա: Ո՞ր ոլորտում Ձեզ կարող ենք տեսնել առաջիկայում:

– Ազատ ժամանակս էապես ավելացել է և հիմա ավելի շատ հնարավորություն ունեմ զբաղվելու Հայաստանում և Արցախում, հատկապես առաջնագծում իրականացվող այն կարևորագույն ծրագրերով, որոնք որդիներս սկսել էին դեռ շատ ավելի վաղ։ Ամեն իրականացված լուրջ քայլ բազմաթիվ նոր գաղափարներ է ծնում, և, հետևաբար, անելիքի պակաս չի լինում։

Միաժամանակ սա շատ լավ ժամանակահատված է անգլերենս կատարելագործելու համար, մի բան, որ վաղուց էի պլանավորել։ Հիմա դա էլ եմ հասցնում։ Շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիք։

- Մամուլը Ձեր հրաժարականից առաջ և հետո հետևողականորեն գրում է, որ Դուք ընտանյոք հանդերձ արտագաղթել եք ԱՄՆ, խնդրում եմ մեկնաբանել։

– Դե Դուք էլ եք մամուլ ներկայացնում, կարծում եմ կգրեք, թե որտեղ եք հարցազրույց վերցրել։ Աշխարհում գարնանային Երևանից լավ ԱՄՆ չկա։

Իրականում որդիս որոշեց ուսումնառությունը շարունակել և ընդունվելով Հարվարդի համալսարան՝ ժամանակավորապես Բոստոնում է, միգուցե դա էր առիթը նման տեղեկությունների տարածման համար։ Բայց խնդիր չէ, իհարկե, կարծում եմ՝ շատ արագ կուղղվի սխալմունքի թողած էֆեկտը։

- Դուք անմասն մնացիք ապրիլի 2-ի ընտրություններից՝ ներգրավված չլինելով քաղաքական գործընթացների մեջ, չպաշտպանելով որևէ թեկնածուի Հանրապետական կամ այլ կուսակցություններից: Ինչո՞ւ, Ձեզ քաղաքականությունից դո՞ւրս եք համարում: Համեմատության համար ասեմ, որ Ձեզ հետ միասին «հին» կառավարությունից հետո գործադիրից հեռացած տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, օրինակ,  ակտիվ ներգրավված էր իր եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի աշխատանքներին:

- Խորհրդարանական ընտրությունները կարևորագույն գործընթաց է մեր պետության կյանքում և, իհարկե, չի կարող անտարբեր թողնել որևէ ակտիվ քաղաքացու։ Ես էլ ինձ ակտիվ քաղաքացի եմ համարում և իմ պատկերացումների շրջանակում, իհարկե, ակտիվ եմ եղել թե՛ իմ շրջապատի, թե՛ իմ ընկերների, թե՛ իմ կարծիքը հաշվի առնող բազմաթիվ մեր համաքաղաքացիներին իմ դիրքորոշումը ներկայացնելու հարցում։   

- Նոր խորհրդարանի կազմը, չհաշված ինքնաբացարկները, ընդհանուր գծերով հայտնի է, ի տարբերություն ապագայում ձևավորվելիք կաբինետի: Հիմա ի՞նչ գնահատական կտաք կաբինետին, որը գործում էր նախորդ տարվա սեպտեմբերից և որը մոտ մեկ ամսից հրաժարական կտա: Հետևո՞ւմ եք, թե ինչ խնդիրներ կարողացան լուծել, որ նախկիններին չէր հաջողվում, և, հակառակը՝ խնդիրներ, որ կառավարությունը լուծել չկարողացավ:

– Չեմ սիրում համեմատականներ անել, հատկապես եթե դրանք ոչ թե օբյեկտիվ ցուցանիշների համեմատականներ են, այլ սուբյեկտիվ ընկալումների մասին են։ Կառավարությունն ունի ձեռագիր, ունի հստակ ոճ և առաջ է գնում։ Ամիսները բավարար չեն մեծ արդյունքներ ստանալու համար, կարծում եմ ամեն ինչ դեռ առջևում է։

- ԵԱՏՄ-ի անդամակցության վերաբերյալ Դուք փիլիսոփայորեն ասել էիք, որ աշխարհում բացարձակ լավ ու վատ բաներ չկան: Շարունակո՞ւմ եք այդ կարծիքին մնալ, և նաև՝ ամեն դեպքում, ԵԱՏՄ անդամակցությունից մեզ համար լա՞վն էր շատ, թե վատը:

– Հիմա էլ նույն կարծիքին եմ. փորձեմ ոչ փիլիսոփայորեն ասել։ ԵԱՏՄ-ն մեծ հնարավորություն է, շատ մեծ։ Եթե, ինչպես Դուք եք ասում, այն մեզ համար լավն է, ուրեմն լավ ենք աշխատել այդ հնարավորություններից օգտվելու հարցում, եթե վատն է, ուրեմն մենք ենք մեղավոր։ Իսկ այդ հնարավորություններից օգտվելու հարցում առաջընթաց չտեսնել այսօր ուղղակի հնարավոր չէ։

- Վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել էր, որ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու ու ավելացրել՝ «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:  Ըստ Ձեզ սա ճշմարտացի՞ ախտորոշում է, թե՞ ոչ։

–Միանշանակ։ Դա է զարգացման միակ ճանապարհը։

-Դեռ տարեվերջին ՊԵԿ նախագահ Վ. Հարությունյանը հայտարարել էր, թե կա խիստ հանձնարարություն և առաջին քայլը համակարգը կաշառակեր և անառողջ էլեմենտներից մաքրելն է: Նախկինում Ձեր կողմից ղեկավարված կառույցում նման անառողջ էլեմենտներ նկատո՞ւմ էիք։

–Հասկանում եմ Ձեր լրագրողական փոքրիկ խայծերը, բայց ուշադիր կլինեմ, որ այս հարցազրույցում, այսպես ասած, սենսացիաներ չլինեն։ Համակարգի կատարելագործումը, կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը, պրոֆեսիոնալիզմի անընդհատ ավելացումը, ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մեջ ստվերի կրճատումը մշտական և առաջնային գերակայության գործընթացներ են։ Դրանք սկսվել են համակարգի ձևավորման փուլից ու կընթանան միշտ, որովհետև միշտ զարգանալու տեղ կլինի։ Կարևորը, իհարկե, ցանկացած ժամանակահատվածում այդ գործընթացների արդյունավետությունն է։

Էլեկտրոնային կառավարման արդիական համակարգի ներդրմամբ, օպտիմալացման գործընթացներով, օրենսդրական դաշտի քայլ առ քայլ կատարելագործմամբ, քաղաքականության իրականացման ժամանակակից մեթոդների որդեգրմամբ տարիների ընթացքում մեզ հաջողվեց հետևողականորեն բարելավել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, որը համարվում է ստվերի դեմ պայքարի արդյունավետության կարևոր ցուցիչ։ Արդյունքում այսօր առկա է բավականին ամուր օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտ էլ ավելի առաջ գնալու համար։ Այդ հարցում, անշուշտ, ես հաջողություն եմ ցանկանում պարոն Հարությունյանին և բոլոր պատասխանատուներին։

- ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ օրերս ի պատասխան լրատվամիջոցներից մեկի դիտարկմանը, թե ինքը «ճիշտն ասաց», և իշխանությունները որոշեցին իր նկատմամբ դիմել պատժիչ քայլերի, որն էլ արտահայտվեց հարկայինի տուգանքներով, հայտարարել է, թե տուգանելը Ձեր (Գագիկ Խաչատրյանի) անձնական նախաձեռնությունն է եղել՝ բյուջեում փող ապահովելու նպատակով։ Ձեր կողմից եղե՞լ են արդյոք անօրինական գանձումների հրահանգներ, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։   

– Ափսոս, որ Աշոտ Աղաբաբյանը գնում է գործընթացներն անձնավորելու ճանապարհով։ Իր կողմից հիշատակվող խնդիրն իր բիզնեսի ու օրենսդրական դաշտի հետ է, ոչ թե որևէ անձի։ Պետեկամուտների կոմիտեն բազմաշերտ ու ժամանակակից համակարգ է՝ հակակշիռների բարդ մեխանիզմով և հստակ ընթացակարգերով, դրան ավելանում են նաև հարցերի՝ դատական կարգով լուծման ատյանները։ Երևույթներն այդքան մակերեսային և այդչափ աղավաղված հրապարակայնացնելը ուղղակի տհաճ է, հետևաբար նաև տհաճ է այն մեկնաբանելը։ Կյանքում այնքան շատ լավ բան անելու կարիք կա, որ իմաստ չկա ժամանակ ծախսել անհեթեթ ու ցածր մանիպուլյացիաների վրա։

 

Հիմա ավելի շատ զբաղվում եմ ընտանիքիս կողմից ՀՀ–ում և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերով. Գագիկ Խաչատրյան