«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին հայրենիքում հերոսի պես են դիմավորել (տեսանյութ)
Մայիսի 13-ին Կիևում հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի հաղթողի անունը. եզրափակիչ փուլում առավելագույն միավորներով հաղթել է Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը:
Ինչպես նշում է wiwibloggs.com կայքը, 27-ամյա Սոբրալն արդեն վերադարձել է հայրենիք, որտեղ նրան հերոսի պես են դիմավորել:
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են մայրաքաղաք Լիսաբոնի միջազգային օդանավակայանում՝ անհամբեր սպասելով Amar pelos dois հաղթանակած երգի կատարողին:
«Ճիշտն ասած՝ չգիտեմ ինչպես ինձ պահել: Այսքան մարդ է հավաքվել ինձ տեսնելու համար, սա ուղղակի անհավատալի է»,- մեկնաբանել է Սոբրալը:
Երգիչը պատմել է, որ մրցույթում ստացած մրցանակը՝ բյուրեղյա բարձրախոսը, կպահի ծնողների տանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը զբաղեցրել է 18-րդ տեղը:











