Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին

22:20 • 22.10.26

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում սեփական քաղաքացիներին վերաբերվում է որպես «ծախսվող նյութի»։

Նա նշել է, որ Կիևը ռազմաճակատ չի ուղարկում մոտիվացված ազգայնականներին, այլ այնտեղ է ուղարկում հարկադրաբար մոբիլիզացված քաղաքացիներին։ Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերում դասալքվածների թիվը հասնում է կես միլիոնի կամ նույնիսկ ավելիի։

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։

Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները։ Նրա խոսքով՝ նոր բանակցությունների նպատակը պետք է լինի Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Պուտինը նշել է, որ առաջիկա օրերին Ռուսաստանը կհետևի Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի զարգացմանը։

Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է օգնել պայմանավորվել Դոնբասի հետ, սակայն Կիևն ընտրել է ռազմական ճանապարհը։