Ֆրանսիան կուժեղացնի սահմանային հսկողությունը՝ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո
Ֆրանսիան ուժեղացնում է հսկողությունը սահմանին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բարսելոնայում մեկ մարդ որոնվում է: Մենք ուժեղացնում ենք հսկողությունը սահմաններին՝ Ազգային ոստիկանության և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի հետ»,- գրել է Կոլոնը Twitter-ում:
Oգոստոսի 17-ին Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու: Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:
Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվում է 1 զոհի մասին: Ոստիկանները սպանել են հինգ կասկածյալներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել: Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:










