ՌԴ ՆԳՆ-ն մեկնաբանել է Ջիգարխանյանի թատրոնում իրականացված խուզարկությունը
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնի շենքում իրականացված խուզարկությունը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, համապատասխան հայտարարությունում նշվում է, որ խուզարկությունն անցկացվել է դերասանի անձնագրի գողության փաստի առնչությամբ: Հայտնի է, որ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել մասնավորապես թատրոնի հաշվապահությունում՝ վերցնելով բաժնի փաստաթղթերը:
Հայտնի է, որ նախօրեին 82-ամյա դերասանը հայտնել էր անձնագրի գողության մասին: Ջիգարխանյանն անձնագրի գողության փաստով դիմել էր իրավապահներին: Արտիստի խոսքով՝ անձնագիրը կարող են գողացած լինել իր իսկ հիմնած թատրոնում՝ հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:
Մինչդեռ թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալյա Կորնեևան «Զվեզդա» հեռուստաալիքի կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ դերասանի վաղեմի ծանոթները, որոնց Ջիգարխանյանը ճանաչում է 1990-ական թվականներից, առնչություն ունեն դերասանի ու նրա թատրոնի շուրջ ստեղծված խառնաշփոթին:
«Նա նրանց ձեռքերում «խամաճիկ» է, նա խոր սկլերոզով, անառողջ ծեր մարդ է: Երկու շաբաթ առաջ նրանք նրան դուրս են բերել բնակարանից: Դրանից հետո ուռճացվել է պատմությունն այն մասին, թե իբր նա փախել է տնից, կնոջից, բայց իրականում նման բան չի եղել: Հավանաբար, նրանք երկար էին նախապատրաստում այս օպերացիան: Նրանց մոտ նույնիսկ բժիշկ կա, որը, հնարավոր է, հիպնոսացնում է Արմեն Բորիսովիչին: Նա ամեն ինչ անում է նրանց կարգադրությամբ: Ըստ էության՝ նա նրանց մոտ պատանդ է: Նա իրեն աննորմալ է պահում. երեկ ամբողջ գիշեր ընկերների հետ վիսկի է խմել, աղմկել: Չգիտեմ՝ ինչ է լինելու հետո»,-հայտարարել է Կորնեևան:
Նա մանրամասնել է, որ պատրաստվում է վկայություն տալ Քննչական կոմիտեում:
Հայտնի է, որ հոկտեմբերի 24-ին դերասանը դուրս է գրվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկից, ուր հոկտեմբերի 10-ին տեղափոխվել էր կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճի հետևանքով ինքնազգացողության վատացման պատճառով:
Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո նա գնացել է դատարան ու ամուսնալուծվելու հայց ներկայացրել: Ջիգարխանյանի խոսքով՝ իրենից 44 տարով փոքր կինն իրեն ոչ միայն թալանել է, այլև փորձել սպանել:
Հետաքրքրական է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ անհետացել է Ջիգարխանյանի կտակը: Նրա մտերիմների խոսքով՝ Վիտալինան յուրացրել է դերասանի ամբողջ կարողությունը:










