Իսրայելում Շառլ Ազնավուրի պատվին ձիթենի է տնկվել (լուսանկար)
Իսրայելական Նևե Շալոմ գյուղում գտնվող Աշխարհի բարեպաշտների զբոսայգում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին ձիթենի է տնկվել, այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն՝ հղում անելով Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ քահանա Հովնան Բաղդասարյանին:
Հայտնի է, որ արարողությանը մասնակցել է անձամբ Շառլ Ազնավուրը, ինչպես նաև նրա որդին՝ Նիկոլյան:
Երուսաղեմի և Թել Ավիվի միջև գտնվող այս գյուղը հանդիսանում է իսրայելական հողում խաղաղության խորհրդանիշը, որտեղ կողք կողքի բնակվում են արաբներ ու հրեաներ:
Ինչպես նախօրեին հայտնել էր Tert.am-ը, Շառլ Ազնավուրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Պարգևը շնորհվել է Հոլոքոստի տարիներին Ազնավուրի ու նրա ընտանիքի մարդասիրական գործունեության, նացիստների կողմից հետապնդվող մի շարք անձանց թաքցնելու համար:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ընդգծել է, որ հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա Ազնավուրի ու նրա ընտանիքի արածը:
Ուշագրավ է, որ մեդալը նախագահի ձեռքից ստանալուց հետո Ազնավուրը հարցրել է, թե երբ է Իսրայելը պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան երկրի նախագահն ասել է, որ դա քաղաքական հարց է, որն ինքը բազմիցս բարձրացրել է Քնեսետում:











