Աբու Դաբիի Լուվր նորաբաց թանգարանը՝ լուսանկարներով
Ավելի քան մեկ տասնամյակ տևած աշխատանքներից հետո Աբու Դաբիի Լուվր թանգարանը չորեքշաբթի՝ նոյեմբերի 8-ին, բացել է իր դռները:
Թանգարանի բացումը, որի համար երկիր էր ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղի է ունեցել մեկ տասնամյակ անց այն բանից հետո, երբ Ֆրանսիան և ԱՄԷ-ն ձեռք բերեցին 30 տարվա գործընկերության շուրջ համաձայնություն: Հաղորդվում է, որ գործընկերությունն արժեցել է մոտ 1,1 միլիարդ դոլար, որից մոտ կես միլիարդ դոլարը հատկացվել է միայն «Լուվր» անունն օգտագործելու համար, հայտնում է The Daily Mail-ը:
Թանգարանի ճարտարապետը ֆրանսիական Պրիցկերի մրցանակակիր Ժան Նուվելն է: Արաբեսկ ոճի նախշերով արծաթագույն պերֆորացված գմբեթը կարծես լողա սպիտակ ցուցասրահների վրայով՝ ստեղծելով, ինչպես Նուվելն է ասում, «լույսի շողերի անձրև»:
Հատակին հասնելու համար լույսի շողը պետք է անցնի պերֆորացիաների ութ մակարդակ՝ ստեղծելով անընդհատ փոփոխվող նախշեր, որոնք կարծես նման լինեն արմավենիների կամ ավանդական արաբական շուկայի տանիքի առաջացրած ստվերներին:
Թանգարանը հանրության առաջ իր դռները բացելու է շաբաթ օրը: Թանգարանի հինգ տոկոսը նվիրված է ժամանակակից և արդի արվեստին: Ցուցանմուշներից մեկը չինացի հայտնի արվեստագետ Այ Վեյվեյի մոնումենտալ` 7 մետր բարձրությամբ բյուրեղներով «Լույսի շատրվան» գործն է:
Այնուամենայնիվ, թանգարանի մեծ մասը նվիրված է լինելու համաշխարհային պատմությանը և կրոններին:
Թանգարանն իր մշտական հավաքածուի համար վերջին տարիներին գնել է ավելի քան 600 արվեստի գործ, որից 300-ը ֆրանսիական թանգարաններից վարձակալած գործերի հետ միասին թանգարանների այցելուներին ցուցադրվելու են նոյեմբերի 11-ից սկսած:




































